ԲՀԿ առաջնորդը հետաքրքիր լուծումներ է առաջարկե...

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը երիտասարդների հետ բավական հետաքրքրական էր, ոչ որպես ինքնին հանդիպում, այլ նախ եւ առաջ այն խնդիրների շրջանակով, որոնք քննարկվել են, հատկապես այն հնարավոր լուծումների շրջանակով, որոնք առաջարկել է ԲՀԿ առաջնորդը։ Հայաստանի նման երկրներում, հատկապես հետպատերազմական իրադրության բերած սոցիալ-տնտեսական բարդությունները հաշվի առնելիս, երիտասարդությունը, ուսանողությունը միշտ էլ բախվում է բազմապիսի խնդիրների։ Սա բնական է, քանի որ հայաստանյան կրթական համակարգում խոցելի կողմեր շատ կան, և սոցիալապես ոչ ապահով ընտանիքների երեխաները բախվում են կրթության հասանելիության խնդրին։

ԲՀԿ առաջնորդի առաջարկը բավական հետաքրքիր է․ լավ առաջադիմություն ունեցող, սովորող ուսանողի հետ կնքել պայմանագիր, վճարել նրա ուսման վարձը, պարտավորվել, որ ուսման ավարտից հետո կտեղավորեն նրան աշխատանքի, սակայն պայմանով, որ դրանից հետո հինգ տարվա ընթացքում նա կփակի իր համար պետության կողմից վճարված ուսման վճարը։ Սա լավ պրակտիկա կարող է լինել, քանի որ առաջին հերթին ոչ բարեկեցիկ ընտանիքների լավ սովորող երեխաների համար կրթության հասանելիության հարցն է լուծվում, եւ հետագայում նրան աշխատանքի տեղավորելու հարցը, եւ ապահովում է որոշակի շրջանառու հիմնադրամ, այսինքն՝ ուսանողն ի վերջո հետ է վերադարձնում իր ուսման համար վճարած գումարն իր վաստակով, որն ուղղվում է մեկ ուրիշի կրթության ապահովմանը։

Ի դեպ, սա նաեւ կարող է բերել նրան, որ լավ կադրերը գոնե հինգ տարով պարտավորված կլինեն աշխատել երկրում, նպաստել տնտեսության զարգացմանը։ Մյուս կարեւոր խնդիրը, որն առնչվում է երիտասարդներին, վերաբերում է նրանց բնակարաններով ապահովելուն։ Այս հարցը ԲՀԿ առաջնորդն առաջարկում է լուծել առանց կանխավճարի բնակարանային վարկավորման միջոցով։ Ներկայում, իհարկե, գործում են երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովման վարկային ծրագրեր, որոնք, սակայն, ունեն մեկ խնդիր՝ անհրաժեշտ է որոշակի կանխավճար։

Երիտասարդ նորակազմ ընտանիքների դեպքում դա բավական լուրջ խնդիր է, հատկապես, եթե նորակազմ ընտանիքում եկամուտներն առանձնապես բարձր չեն։ Անդրադարձ է կատարվել նաեւ տնտեսության ընդհանուր վիճակին, քաղաքացիների վճարունակության խնդրին։ Գագիկ Ծառուկյանի առաջարկի համաձայն, պետությունը պետք է մինչեւ երեք միլիոն դրամ սպառողական կամ գյուղատնտեսական վարկերը զրոյացնի երկու ամսվա ընթացքում, որպեսզի մարդիկ կարողանան շարունակել իրենց գործունեությունը։ Սա կբերի նաեւ հայաստանյան հասարակության մեջ վարկային պորտֆելի կրճատմանը, այդ պորտֆելում խնդրահարույց դարձելիություն ունեցող վարկերի համամասնության նվազմանը։

Հայաստանի երրորդ Հանրապետության ամենախոցելի հարցը շարունակում է մնալ աղետի գոտու խնդիրը։ Դեռեւս հարյուրավոր ընտանիքներ կան, որոնք ապրում են տնակային ավաններում, անմարդկային պայմաններում։ Ըստ ԲՀԿ առաջնորդի, լիովին հնարավոր է եւ իրատեսական, օրինակ, բարձրահարկ, սեյսմակայուն 50 որակյալ շենք կառուցելով լուծել աղետի գոտու խնդիրը։