Բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստ...

Ողջունելով Հայաստանում Կուբայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Լեոն Սանտանա Օսկարին՝  ՀՀ ԱԺ Հայաստան-Կուբա բարեկամական խմբի ղեկավար Գառնիկ Դանիելյանն ասել է.

«Կուբան մեզ համար բարեկամ երկիր է: Հայերը Կուբայում հաստատվել են 20-րդ դարասկզբին եւ տեղեկացված ենք, որ Լատինական Ամերիկայում ունենք փոքրաթիվ, կազմակերպված եւ ակտիվ համայնք»:

Հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 18-ին, որին մասնակցել են բարեկամական խմբի անդամներ Տաթեւիկ Գասպարյանը, Լիլիթ Ստեփանյանը, Մարիամ Պողոսյանը, Քրիստինե Պողոսյանը, Հակոբ Ասլանյանը, Դավիթ Կարապետյանը եւ Արման Ղազարյանը:

Բարեկամական խմբի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ այս ձեւաչափով առաջին հանդիպումը կդառնա գործընկերային՝ նպաստելով հայ-կուբայական հարաբերությունների ամրապնդմանը:

«Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանում ներկայացնել Կուբան՝ որպես բարեկամ երկիր»,- շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի եւ ընդունելության համար՝ ասել է դեսպանը՝ հավելելով, որ Կուբան պատրաստակամ է Հայաստանի հետ խորացնել փոխգործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում:

Լեոն Սանտանա Օսկարի դիտարկմամբ երկու երկրների ժողովուրդներն ունեն շատ ընդհանրություններ եւ համոզմունք է հայտնել, որ այս հանդիպմամբ կմեկնարկեն երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդմանն ու համագործակցությանն ուղղված քայլերը:

Բարեկամական խմբի անդամներն ընդգծել են, որ մի շարք ոլորտներում առկա է չիրացված մեծ ներուժ եւ առաջիկա համատեղ անելիքները պետք է միտված լինեն համագործակցության ակտիվացմանը: Նշվել է, որ առեւտրատնտեսական, առողջապահության, գիտակրթական եւ մշակութային, զբոսաշրջության բնագավառներում համագործակցությունն ընդլայնելու նպատակով համատեղ քայլեր պետք է ձեռնարկվեն:

Շեշտվել է երկու երկրների խորհրդարաններում ձեւավորված բարեկամական խմբերի եւ համանուն հանձնաժողովների միջեւ շփումների ակտիվացման եւ համագործակցության անհրաժեշտությունը, ինչը զրուցակիցների համոզմամբ իրապես կխթանի փոխգործակցության ընդլայնումը: