Ադրբեջանի կողմից տրանսֆորմատորների եւ գեներատորների տրամադրումը Ուկրաինային «որպես մարդասիրական օգնություն» տարակուսանք է առաջացնում Ռուսաստանում։ Այդ մասին ТАСС-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ-ում աղբյուրը։
«Բաքվի կողմից նման քայլը տարակուսանք է առաջացնում։ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հատուկ ռազմական գործողության շրջանակներում ոչնչացնում են Ուկրաինայի կրիտիկական ենթակառուցվածքը, որն օգտագործվում է Կիեւի ռեժիմի կողմից ռազմական կարիքների համար: Ադրբեջանական մատակարարումները մարդասիրական օգնության նման չեն»,- նշել է աղբյուրը։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը դեկտեմբերի 10-ին հաղորդել Է, որ «ի պատասխան ուկրաինական կողմի դիմումի, ստեղծված իրավիճակում տուժած տարածքների էլեկտրաէներգիայի կայուն մատակարարումը վերականգնելու նպատակով ադրբեջանական կողմը մարդասիրական օգնություն է ուղարկել ուկրաինացի ժողովրդին ՝ բաղկացած էլեկտրական սարքավորումներից»։