Այժմ Գազայում դժոխքի դարպասներից հանվում է սո...

Իսրայելցի զինվորականները սկսել են հարվածները Գազա քաղաքի բարձրահարկ շենքերին, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էր: Այս մասին հաղորդել է Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) մամուլի ծառայությունը: Ավելի վաղ զինվորականները հայտարարել էին, որ այդ հարվածները կսկսվեն «առաջիկա օրերին»:

Telegram-ում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ որոշ ժամանակ առաջ հարված է հասցվել Գազայի բարձրահարկ շենքերից մեկին, որտեղ, ըստ ԻՊԲ-ի՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման  արմատականները «սարքավորել են ենթակառուցվածք, որն օգտագործվում է այդ շրջանում ԻՊԲ զորքերի դեմ հարձակումների պատրաստման և իրականացման համար»: 

Հարված հասցնելուց առաջ զինվորականները ձեռնարկել են միջոցներ տեղի քաղաքացիական բնակչությանը վնաս հասցնելու ռիսկը նվազեցնելու նպատակով, վստահեցրել է ԻՊԲ-ն։

Հարվածներից կարճ ժամանակ առաջ հրեական պետության պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ «այժմ Գազայում դժոխքի դարպասներից հանվում է սողնակը»: Նա հավելել է, որ Իսրայելի բանակը կուժեղացնի սաստիկ ճնշումն արմատականների վրա այնքան ժամանակ, մինչև նրանք չընդունեն Իսրայելի պայմանները՝ ամենից առաջ ազատելով պատանդներին և զինաթափվելով: Հակառակ դեպքում արմատականները կոչնչացվեն, նախազգուշացրել է Կացը: