Թրամփը հայտարարել է, որ ընտրություններում դեմ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է իր վարչակազմում աշխատած բոլոր անձանց համընդհանուր կանխարգելիչ ներում շնորհել, եթե դեմոկրատները նոյեմբերի 3-ին հաղթանակ տանեն Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում և իրականացնեն նրանց քրեական հետապնդման ենթարկելու իրենց սպառնալիքները։  Այս մասին նա ասել է New York Post-ին տված հարցազրույցում:

«Եթե դրա անհրաժեշտությունը լինի, կանեմ։ Իհարկե», - ասել է նա լրագրող Միրանդա Դիվայնին Pod Force One հաղորդման շրջանակում։

Հարցին, թե արդյոք դա վերաբերում է իր վարչակազմում աշխատած բոլոր անձանց, նախագահը կրկին հաստատել է իր մտադրությունը։

«Ես դա կանեմ։ Ես դա արել եմ հունվարի 6-ի դեպքերի առնչությամբ», - ասել է նա։

2025 թվականի հունվարի 20-ին՝ պաշտոնը կրկին ստանձնելու առաջին օրը, Թրամփը ներում է շնորհել ԱՄՆ Կապիտոլիումի վրա 2021 թ. հունվարի 6-ի անկարգություններին մասնակցելու համար մեղադրված շուրջ 1500 անձանց։

Նա որպես օրինակ մատնանշել է նախկին նախագահ Ջո Բայդենին, որն իր պաշտոնավարման վերջին ժամերին ներում էր շնորհել բժիշկ Էնթոնի Ֆաուչիին, գեներալ Մարկ Միլլիին, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ հունվարի 6-ի իրադարձությունների քննությամբ զբաղվող հանձնաժողովի անդամներին ու աշխատակիցներին, ինչպես նաև իր մի քանի հարազատներին, այդ թվում՝ իր որդուն՝ Հանթեր Բայդենին։

«Բայդենն այդպես վարվեց։ Նա բոլորին ներում շնորհեց», - ասել է Թրամփը։