
Այսօրվա իշխանություններից մեծ սպասելիքներ չունենք, քանի որ նրանց համար ղարաբաղյան հակամարտությունը փակ է, արցախցիների վերադարձի հարցը փակ է և շատ լավ հասկանում ենք, որ ամեն ինչ անելու են, որ ժամանակի ընթացքում արցախցիներն արտագաղթեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը:
«Իրենք հասկանում են, որ արցախցիները, մնալով Հայաստանում, վերադարձի հարցը լինելու է օրակարգում:
Օրվա ընթացքում մեզ են դիմում բազմաթիվ արցախցիներ, ովքեր մնալու տեղ չունեն: Կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առաջ: Սա մտահոգիչ է: Բախվելով բազմաթիվ խնդիրների՝ մենք որոշեցինք կյանքի կոչել մի նախաձեռնություն, որը ծնվել է ոչ թե գաղափարից, այլ՝ կարիքից:
Ստեղծել ենք «Արցախն իմ սրտում» բարեգործական հիմնադրամը, որի հիմնական նպատակն է օգնել արցախցի տեղահանված զոհված ընտանիքների, առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց, պայթունի զոհ դարձած ընտանքիներին ևս ներառելու ենք:
Ուզում եմ կոչ անել մեր հանրությանը, ում համար Արցախի հարցը փակված չէ, սատարել արցախցիներին: Առաջին հերթին դիմում եմ արցախցի այն գործարարներին, ովքեր երկար տարիներ հաջողված բիզնես ծրագրեր են ունեցել Արցախում, իհարկե որոշակի արտոնություններով, ժամանակն է, որ իրենք առաջինը գան և հայրենակիցների կողքին կանգնել:
Կոչով և խնդրանքով դիմում եմ ՀՀ նախկին նախագահներին՝ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, երկար տարիներ նրանք ղեկավարել են ՀՀ-ն և վստահ եմ, որ իրենք ունեն այն կապերը, ինչը կարող է նպաստել որպեսզի արցախցիների խնդիրները մեղմացնենք:
Դիմում ենք նաև մեր հայ բարերարներին՝ Գագիկ Ծառուկյանին, Սամվել Կարապետյանի ընտանիքին, շատ լավ գիտակցելով իրենց այսօրվա կացությունը, դիմում ենք սփյուռքում մեր հայրենակիցներին սատար կանգնելու և միասին լուծելու առկա խնդիրները»: