Այն մարդը, ով ԱԺ-ում ունի 67 ձայն, նա վարչապե...

Ես չեմ ուզում, որ մենք արտահերթ ընտրություններին նայենք որպես մեկ քաղաքական ուժի ցանկություն կամ օրակարգ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

«Իրականում արտահերթ ընտրությունները պետք էթ լուծեն ընդհանուր  խնդիր: Արդյոք արտահերթ ընտրությունները լուծում են այն խնդիրները, որոնք մենք ունենք: Արդյոք արտահերթ ընտրությունները չեզոքացնում են առկա քաղաքական լարվածությունը: Դա էր պատճառը, որ երբ որոշ քաղաքական ուժեր փողոցում պահանջում էին վարչապետի հրաժարականը, ներկայացվեց միակ կառավարությունը փոխելու միակ օրինական ճանապարհը՝ ընտրություններ: Սա էր պատճառը, թե ինչու իշխանությունը առաջարկեց արտահերթ ընտրություններ: Հարցն այն չէ, թե մի քաղաքական ուժ շատ է ուզում, կամ շատ է շահում դրանից: Ոչ մեկը չունի պատասխանը, թե որ քաքղաքական ուժն է շահում կամ կորցնում: Երկար ժմանակ այս առաջարկը արձագանք չգտավ ընդդիմադիր դաշտում, հատկապես փողոցում գտնվող ուժերից: Փողոցից հնչում էին կատեգորիկ պահանջներ՝ հրաժարական ու վերջ»,-ասաց նա:

Հովհաննես Իգիթյանը նկատեց, որ խորհրդարանական երկրում քանի դեռ վարչապետն ԱԺ-ում ունի մեծամասնություն, ինքը վարչապետ է. «Մենք մի քիչ իներցիայով շարունակում ենք մեզ տեսնել  որպես նախագահական երկիր, որտեղ կարող ես պահանջել նախագահի հրաժարականը եւ կլինեն նախագահական նոր ընտրություններ: Խորհրդարանական երկրում վարչապետ լինել-չլինելու հարցը որոշվում է այստեղ՝ խորհրդարանում: Այն մարդը, ով ԱԺ-ում ունի 67 ձայն, նա վարչապետ է:

Այն ուժերը, որոնք պահանջում էին վարչապետի հրաժարականը, նրանք չէին լուծում ՀՀ-ի հետ կապված խնդիրները: Նրանք լուծում էին կամ իրենց իշխանության գալու հարցը՝ ոչ այնքան օրինական ճանապարհով, կամ ատելությամբ լցված փձորձում էին վրեժխնդրություն իրականացնել»,-ասաց Իգիթյանը:

Նա հավելեց, որ եթե մի ուժ պահանջում է վարչապետի հրաժարականը, դա չի նշանակում, որ այդ ուժը պահանջում է արտահերթ ընտրություններ: