ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը վստահեցնում է, որ Աբովյանի դիահերձարանում զինծառայողների աճյունների պահման կանոնների պատշաճ կերպով չպահպանման համար մեղավորները խստագույնս կպատժվեն, սակայն հորդորում է առանձին արարքի համար ամբողջական համակարգը չպախարակել: Ավանեսյանն այս մասին ասաց ԱԺ-ում՝ մեկ այլ թեմայով նախագծի քննարկման ժամանակ՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հարցին:
«Բարձր հուզումնային ալիքի ենք ականատես լինում, որը միանշանակ որոշ առումով հասկանալի է, բայց, կարծում եմ, ինչ-որ առումով էլ արդեն այլ շրջանակների կողմից ռացիոնալիզմից հեռանում է: Բազմիցս նշել եմ, որ շատ ցավալի, վատ երևույթ է գրանցվել Աբովյանի մասնաճյուղում, և ձեռնարկվել են բոլոր միջոցները, որպեսզի պատասխանատու անձիք խստագույնս պատժվեն: Այո, ցանկացած արարք պետք է գնահատվի կոնկրետ արարքի շրջանակում և չդառնա տվյալ անձին ամբողջական զրոյացնող կամ ամբողջական համակարգը պախարակող երևույթ»,-ասաց Ավանեսյանը:
Նա հավելեց, որ եղել է խիստ անփույթ արարք, որը իր հետևանքն ունեցել է, ընթանում է քննություն, քննության ընթացքում պարզվածի հիման վրա կձեռնարկվեն համապատասխան գործողություններ: Ավանեսյանը նշեց նաև, որ ամբողջ համակարգը, դատաբժշկական գիտագործնական կենտրոնը պատերազմի առաջին օրվանից իր նվիրյալ բժիշկների, սանիտարների, դատաբժիշկների ծառայությունն է բերել՝ ծանր, դժվար գործը իրականացնելու մեջ: «Երեկ դատաբժշկական կենտրոնում խոսելով բժիշկների հետ, լսելով նրանց՝ շատ դժվար էր հուզմունքը զսպել, թե ինչպես դատաբժիշկը վիրավոր ոտքով 24 ժամ Ստեփանակերտում օրեր շարունակ իրականացրել է իր պարտականությունները»,-ասաց Ավանեսյանը:
Նա հավելեց, որ ամեն ծառայության, հիվանդանոցի, նախարարության, համակարգի մեջ լինում են բացթողումներ, սխալներ, լինում են նաև հանցանքներ, զանցանքներ, որոնք պետք է գնահատվեն կոնկրետ տվյալ արարքի շրջանակներում, ստանան իրավական գնահատական և ունենան հետևանքներ:




