Ասում ենք՝ ժողովուրդ ջան, եկեք, և անունը դնու...

Կստեղծվեն «Երերույք», «Հին Խնձորեսկ», «Բերդկունք ամրոց» և «Նորատուսի խաչքարեր» պատմամշակութային արգելոցները։ Այս մասին որոշում կայացվեց կառավարության այսօրվա՝ օգոստոսի 29-ի նիստում:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ 2018 թ–ից առ այսօր ստեղծվել է 6 նոր պատմամշակութային արգելոց՝ «Բջնին», Սմբատաբերդը, «Դաշտադեմը», «Մայրաքաղաք Դվինը», «Աղձքը», «Արտաշատ մայրաքաղաքը»։ Նրա խոսքով՝ սա շարունակական ընթացք է ունենալու։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց դրանց վերականգնումն ու պահպանումը. «Պետբյուջեի միջոցներից մենք պատմամշակութային հուշարձաններին աննախադեպ բյուջետային ֆինանսավորում ենք իրականացրել, բայց այս հարցի շուրջ քննարկելիս մեր մտածողության շերտերի հետ ենք առնչվում։ Հուշարձանների մասին խոսելիս ասում ենք՝ ազգային արժեք է, պետական հարստություն է․ ճիշտ ենք ասում։ Մյուս կողմից հարց է ծագում՝ եթե դրանք պետական արժեք են, ինչո՞ւ եկամուտ չեն բերում պետությանը: Շատ մարդիկ մեր պատմամշակութային հուշարձանների մասին ուղղակի չգիտեն։ Պիտի խոստովանեմ, որ մարզային այցերի ժամանակ ես նույնպես շատ հաճախ լինում եմ պատմամշակութային հուշարձանների վայրերում, որոնց մասին նույնիսկ չէի լսել»,– նշեց Փաշինյանը։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս որոշումներով երեք զուգահեռ հարց է լուծվում, այդ թվում՝ հուշարձանների պահպանման համար լրացուցիչ միջոցներ գեներացնելու հնարավորության ստեղծումը. «Երկրորդը՝ այդ հուշաձանները բերեն լրացուցիչ եկամուտներ, և մենք ստեղծենք ենթակառուցվածք, որպեսզի ՀՀ քաղաքացիները հաղորդակցվելու հնարավորություն ունենան այդ հուշարձանների հետ։ Մեր խնդիրը՝ պահպանել, զարգացնել, և ապահովել մարդկանց հաղորդակցությունը այդ հուշարձանի հետ, , որի արդյունքում հնարավոր կլինի դրանք պահպանել հետագա սերունդների համար»:

Այդ համատեքստում ըստ վարչապետի նաև հարց է ծագում, թե այս դեպքում անունն ինչո՞ւ ենք դնում արգելոց. «Հուշարձանների վրա դնում ենք արգելոց բառը ու մարդկանց ասում են` եկեք, բայց նաև ասում ենք` արգելոց է, զգույշ եղեք։ Ի՞նչն ենք արգելում այդտեղ։ Իմ համոզմունքն է, որ լեզվամտածողության այս շերտերին պետք է ուշադրություն դարձնենք։ Ես հանձնարարական եմ տվել, որ նաև Լեզվի տեսչության հետ աշխատենք արգելոց բառն ուրիշ բառով փոխարինելու համար։ Օրինակ` եթե մի տեղի անունը զբոսայգի է, դա նշանակում է` մարդիկ կացիններն ուսերին գալիս են ծառները կտրում, ուսներին դրած տանո՞ւմ։ Իմիջիայլոց, ՀՀ–ում ամենաշատ ծառերը կտրում են արգելոցներում` իրենց հետ բերելով բազմաթիվ քրեական գործեր, որոնք, թեև, ոչ մի արդյունքի չեն բերում»,– հայտարարեց Փաշինյանը։

Նրա խոսքով` այսպիսով հոգեբանական, տերմինաբանական պատնեշ ենք ստեղծում` կրկին կոթողացման տրամաբանության մեջ։ Փաշինյանը նշեց, որ ոչ թե արգելոց կլինի, այլ կստեղծվի ենթակառուցվածք, որպեսզի մարդիկ գնան այդտեղ։

Վերջում դիմելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին` ՀՀ վարչապետն ասաց` երբ «արգելոցին» փոխարինող ճիշտ բառը գտնեն, բոլոր որոշումներում թող մտցնեն համապատասխան փոփոխություններ։