«Արտառոց բան չկա, հերթական գնումն է». ՆԳ նախա...

Ես իհարկե հասկանում եմ, ամառ է, թեմաները քիչ են, բայց մեքենայի գնման մասով որևէ արտառոց բան չկա, հերթական գնումն է նախարարության կողմից իրականացվել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4–ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչով է պայմանավորված, որ իր համար նոր մեքենա է գնվել։

«Նախարարությունը գնում է թե տրանսպորտային միջոցներ, տարբեր ծառայությունների համար, թե այլ գույք։ Կարիքն առաջացել է և գնումը իրականացվել է, ես անգամ չգիտեմ, թե ինչ տրանսպորտային միջոց է ի վերջո գնվելու։ Մրցույթ է հայտարարված և գնահատումների փուլում է գտնվում։ Ինչ մեքենա, որ հայտարարված մրցույթի արդյունքում գնվի, դա կսպասարկի ներքին գործերի նախարարին»,–ասաց նա։

Անդրադառնալով դիտարկմանը, որ Փրկարար ծառայությունում աշխատավարձերը ավելի ցածր են, քան ոստիկանության այլ բաժիններում, Արփինե Սարգսյանն ասաց. «Ես վստահեցնում եմ, որ դրանք գրեթե հավասար են, ընդհուպ մինչև մենք փրկարար ծառայությունում ունենք ատեստավորված վարչության պետ, ով ստանում է մոտ մեկ միլիոն դրամ աշխատավարձ՝  ատեստավորման արդյունքում։ Դուք ոստիկանությունում չեք գտնի գեթ մեկ վարչության պետ, ով ստանում է մեկ միլիոն դրամ աշխատավարձ։

Սովորական փրկարարների դեպքում ևս նույն սխեման աշխատում է, եթե դուք փրկարարների աշխատավարձն եք դիտարկում, պիտի համադրեք դա օրինակ, ոստիկանության զորքերի աշխատավարձի հետ և կնկատեք, որ գրեթե նույնական աշխատավարձ է ստացվում։

Մի քանի հարյուրի հասնող փրկարարներ ունենք, որոնք ատեստավորված են»։,–ասաց նա։