Արմեն Սարգսյանը ստորացնում է Նիկոլ Փաշինյանին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում։ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի հետ նրանք եղել են մի շարք համայնքներում, ծանոթացել այնտեղ տիրող իրադրությանը։ Ինչ խոսք, նախագահի այցը Սյունիքի մարզ, որը այս պահին կարելի է ասել՝ ամենից բարդ իրավիճակում գտնվողն է, շատ կարեւոր է, որպեսզի բնակիչները փորձեն գոնե փոքր ինչ իրենց կողքին զգալ պետության ներկայությունը, թեկուզեւ ներկայացուցչական խիստ սահմանափակ լիազորություններով, բայց այնուհանդերձ՝ պետության գլխի ներկայությունը։

Զուգահեռաբար այս օրերին ականատես ենք լինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային այցերին եւ դրա հետ կապված, երբեմն՝ խայտառակ զարգացումներին։ Մամուլում էլ ակտիվորեն գրվում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը որոշ մարզեր, ինչպես օրինակ՝ Սյունիք, Լոռի, Արարատ եւ այլն հանվել են մարզային այցերի ցանկից, իսկ այն մարզեր, որտեղ գնում է, հիմնականում խուսափում է խոշոր համայնքներից, ու լինում է փոքր համայնքներում, որտեղ իրավիճակը գոնե նվազագույն վերահսկելի կարող է լինել, ու էքսցեսներ չեն լինի, նրա դեմ ելույթների հավանականությունը քիչ կլինի։

Նույնիսկ մամուլում հայտնվեցին հրապարակումներ, որ Նիկոլ Փաշինյանի մարզային այցերի ժամանակ տեղում երբեմն ուղղությունները փոխվում են, երբ զգում են, որ այցելելիք համայնքի բնակչության մեջ կա հակընդդեմ խլրտում եւ կարող են էլի խայտառակվել։ Մի խոսքով, ունենք երկու զուգահեռ իրականություն՝ մի կողմից գաղտագողի ապրող, ետնամուտքերից ելումուտ անող Նիկոլ Փաշինյան, մյուս կողմից՝ Սյունիք աշխատանքային այց կատարող նախագահ Արմեն Սարգսյան։ Ինչ խոսք, կոնտրաստը բավական ակնառու է։ Սակայն հարցը այստեղ միայն կոնտրաստը չէ։

Ըստ էության Արմեն Սարգսյանը ստորացնում է Նիկոլ Փաշինյանին, ցույց տալով, որ օրինակ Փաշինյանը Սյունիք նույնիսկ գիշերով ու ծպտյալ չի կարող այցելել, բայց ինքը ցերեկով ու բաց ճակատով, ի տես բոլորի է այցելում, առանց վախենալու, առանց ամաչելու։ Ինչ-ինչ, բայց ակնարկներով, սիմվոլիկայով ու «մեսիջներով» ստորացնելու նուրբ անգլիական արվեստին Արմեն Սարգսյանը տիրապետում է։ Իսկ այդ «մեսիջներից» մեկն էլ այն է, որ Արմեն Սարգսյանը ցույց է տալիս, որ որպես գործիչ ինքն ավելի ընդունելի է, անհամեմատ ավելի ընդունելի է, քան Նիկոլ Փաշինյանը։