Արգենտինայի ընտրված նախագահ Խավիեր Մայլին մտադիր է կաթոլիկությունից անցնել հուդայականության, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով պետության ղեկավարին մոտ կանգնած աղբյուրները։
Մայլին նոյեմբերի 25-ին Բուենոս Այրեսում մասնակցել է հրեական պատարագին, որտեղ օրհնություն է ստացել ռաբբիից։
Նաև, որպես պետության ղեկավարի իր առաջին արտասահմանյան այցը Միացյալ Նահանգներ, Նյու Յորք ժամանելուն պես Մայլին անմիջապես գնացել է ռաբբի Մենախեմ Մենդել Շնեերսոնի գերեզման՝ հարգանքի տուրք մատուցելու, նշում է Bloomberg-ը։
«Այս խորհրդանշական ժեստը ցույց է տալիս, թե որքան նվիրված է նոր առաջնորդը Իսրայելի հետ Արգենտինայի մշակութային և քաղաքական կապերի խորացմանը, մինչդեռ Լատինական Ամերիկայի մեծ մասը, որը կաթոլիկների հենակետն է, մնում է չեզոք կամ նույնիսկ քննադատական», - նշված է նյութում:
Մայլիի դիրքորոշումն առանձնացնում է Արգենտինան, որտեղ բնակվում է տարածաշրջանի ամենամեծ հրեական բնակչությունը, որպես մայրցամաքում Իսրայելի գլխավոր դաշնակից: Ինչպես հիշեցնում է գործակալությունը, Մայլին բազմիցս հայտարարել է, որ նախատեսում է այցելել հրեական պետություն, ինչպես նաև Արգենտինայի դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ։
«Խավիեր Մայլիի նոր վարչակազմը պատրաստվում է դառնալ Արգենտինայի պատմության ամենաիսրայելամետ կառավարություններից մեկը», - նշում է Bloomberg-ը:
Խավիեր Մայլին գլխավորում է Ազատական կուսակցությունը, որը մաս է կազմում աջակողմյան «Ազատությունը գալիս է» դաշինքին: Քաղաքական գործիչը հանդես է գալիս կառավարության նվազագույն միջամտության օգտին, ծրագրում է վերացնել Կենտրոնական բանկը և առաջարկում է ազգային արժույթը փոխարինել դոլարով։
Մայլին մտադիր չէ միջպետական հարաբերություններ զարգացնել Բրազիլիայի, Չինաստանի և Ռուսաստանի հետ՝ նրանց քաղաքականության հետ անհամաձայնության պատճառով, սակայն չի խանգարի մասնավոր բիզնեսին այս երկրների հետ շփվել։