«Արևմտյան Նեղոս» հիվանդության համար հատուկ պատվաստանյութ չկա։ 80 տոկոս դեպքերում հիվանդությունն ընթանում է առանց ախտանիշների, կամ գրեթե անախտանիշ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 21–ին Առողջապահության նախարարությունում կայացած ասուլիսին ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը։
«Մարդը որևէ սուբյեկտիվ զգացողություններ չի ունենում, որպեսզի դիմի բուժօգնության։ Ծանր դեպքերն ուղեկցվում են նյարդային համակարգի ախտահարմամբ՝ այդ թվում մենինգիտի և էնցեֆալիտի երևույթներով, որոնք դիտարկվում են մինչև 1 տոկոս դեպքերում։ 41 հոսպիտալացվածներից երևի թե կեսի մոտ են արձանագրվում ուղեղային երևույթներ։ Մյուսների մոտ արձանագրվում են ինտոքսիկացիոն երևույթներ»,–նշեց Ստեփան Աթոյանը։
Նրա խոսքով հիվանդության համար հատուկ դեղամիջոց չկա, իրականացվում են ընդհանուր բուժական միոցառումներ՝ ուղղված ընդհանուր վիճակի լավացմանը։
«Ինչպես բոլոր ինֆեկցիոն հիվանդությունները, այս հիվանդությունը նույնպես ունի սեզոնայնություն։ Հիմնական սեզոնը հունիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածն է, բայց առավել ակտիվ շրջանը հուլիսից օգոստոս ընկած ժամանակահատվածն է»,–ասաց Ստեփան Աթոյանը։
Նրա խոսքով հարևան երկրներում «Արևմտյան Նեղոս»–ով վարակման դեպքեր չեն արձանագրվել։
«Այս տարի դեպքեր եղել են Ռուսաստանում, Իսրայելում՝ 440 դեպք, ԱՄՆ-ում ՝ 231 դեպք, Արևելյան Եվրոպայում 69 դեպք»,–հավելեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենը։



