Վերջին տարիներին իշխանությունը պարբերաբար հայտարարում է, թե Հայաստանում ընտրակաշառքի պրակտիկան հաղթահարված է, և ընտրական գործընթացները դուրս են եկել նախկին մեխանիզմների ազդեցությունից։ Սակայն ընտրություններից առաջ մի շարք համայնքներում ընդունվող սոցիալական որոշումները առնվազն հարցեր են առաջացնում այդ պնդումների համահունչ լինելու վերաբերյալ։
Փետրվարի 2-ից Արտաշատի համայնքում, ապա նույն օրերին նաև Արարատ համայնքում, հայտարարվեց ուսանողների համար անվճար ավտոբուսային երթուղիների գործարկման մասին՝ դեպի Երևան և հետադարձ ուղղությամբ։ Երկու դեպքում էլ նախաձեռնությունները մեկնարկում են նույն ժամանակահատվածում և ուղղված են նույն սոցիալական խմբին։
Թեև նման քայլերը ներկայացվում են սոցիալական աջակցության շրջանակում, դրանց ժամանակագրությունը թույլ է տալիս դիտարկել նաև այլ մեկնաբանություններ։ Երբ նման նախաձեռնությունները չեն գործում երկարաժամկետ ռեժիմով, այլ ակտիվանում են ընտրական գործընթացներին մոտ ժամանակահատվածում, բնականաբար առաջանում է հարց՝ ինչով է պայմանավորված այդ ընտրությունը։
Ուսանողները՝ որպես հանրային կյանքի ակտիվ հատված, հայտնվում են այս նախաձեռնությունների կենտրոնում հենց ընտրական շրջանում։ Եվ այստեղ խնդիրը ոչ թե նախաձեռնությունների օգտակարությունն է, այլ դրանց կիրառման ժամանակը և հետևողականության բացակայությունը նախորդ տարիներին։
Այս համատեքստում իշխանության հայտարարությունները ընտրական գործընթացների «մաքրման» մասին արժանանում են հանրային քննարկման։ Քաղաքական գործընթացներում որոշումների իրական արժեքը, ինչպես հայտնի է, հաճախ գնահատվում է ոչ թե դրանց ձևակերպումներով, այլ ընդունման ժամանակով։



