Օգոստոսի 18-ին՝ ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին է զանգահարել Մհեր Գ․-ն և հայտնել, որ Արարատի ոսկու ֆաբրիկայում իրենց աշխատակիցը այրվածքներ է ստացել, անհրաժեշտ է շտապօգնություն: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Նույն օրը՝ ժամը 23։20-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին են զանգահարել «Արարատի» բժշկական կենտրոնից և հայտնել է, որ «Քիմիական այրվածք 2-րդ աստիճան» ախտորոշմամբ շտապօգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։
Կայքի տեղեկություններով, տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացին Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Խաչիկ Գ․-ն է: Պարզվել է նաև, որ ժամը 22։25-ի սահմաններում ՍՊԸ-ի տարածքում գտնվող եռման ջրով լի ցիստերի փականը բացելիս ջուրը լցվել է Խաչիկ Գ․-ի մարմնին՝ պատճառելով վերը նշված վնասվածքը:
Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։
Կայքի տեղեկություններով՝ Խաչիկ Գ․-ն աշխատում է «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ-ում՝ որպես լաբորատորիայի հերթափոխի պետ։