Արարատ Միրզոյանն ու Ռայնետ Քլևերը քննարկել են...

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հաագայում հանդիպում է ունեցել Նիդեռլանդների արտաքին առևտրի և զարգացման նախարար Ռայնետ Քլևերի հետ:

 ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նիդեռլանդների միջև ակտիվ քաղաքական երկխոսությանը զուգահեռ ոլորտային ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները։ Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների շարքում առանձնանշվել են ջրային ռեսուրսների կառավարումը, առողջապահությունը, ներդրումների խրախուսման միջոցով տնտեսական համագործակցության խթանումը:

Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Նիդեռլանդների աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում բարեփոխումներին, ինչն արտացոլվել է նաև Նիդեռլանդների կոալիցիոն կառավարության առաջնահերթություններն ուղենշող փաստաթղթում։ Ընդգծել է այս ուղղությամբ համագործակցության շարունակականության կարևորությունը։

Քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հեռանկարները։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը և Ռայնետ Քլեվերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային փոխկապակցվածության ապահովմանն ուղղված ծրագրերի շուրջ: Ներկայացնելով Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ՀՀ տեսլականը՝ ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ է կատարել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին: 

Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի կարիքների հասցեագրմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը։