Առաջարկվում է ՓՄՁ-ների գործունեության համար ս...
Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի նպատակն է ՓՄՁ-ների համար ստեղծել գործունեություն ծավալելու ավելի կանխատեսելի միջավայր՝ տարբերակելով ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտման համար նախատեսված պատասխանատվության միջոցները` ըստ խախտման բնույթի և պետությանը պատճառվող վնասի չափի:Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 27-ին հրավիրված նիստի ժամանակ:Նախարարի խոսքով՝ Հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է, որ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտման համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում են 200 հազար դրամի և նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության 0,5 տոկոսի գումարի հանրագումարի չափով, բայց ոչ ավելի, քան 10 միլիոն դրամը:Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ գործող կարգավորումներով ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման համար նախատեսված պատասխանատվության միջոցը՝ անփոփոխ չափի տուգանքը, հավասարապես կիրառելի է խախտման ցանկացած տեսակի դեպքում: Սակայն, ըստ նրա, խախտումների պատճառները և հետևանքները սկզբունքորեն տարբեր են, տարբեր է նաև դրանց վտանգավորության և պետական բյուջեի եկամուտների վրա ազդեցությունը, հետևաբար համաչափ չէ նույն չափի տուգանքի կիրառումը բոլոր տեսակի խախտումների դեպքում:Ուստի առաջարկվում է ՀԴՄ կտրոն չտրամադրելու, գինը սխալ տպելու կամ հարկային հետևանք առաջացնող ՀԴՄ կիրառության այլ խախտում իրականացնելու դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցը թողնել նույնը, իսկ այն դեպքում, երբ պահպանվել են ՀԴՄ-ի կիրառության բոլոր կանոնները, սակայն սխալ են նշվել դասակարգիչները, պատասխանատվության միջոցը մեղմել: Մասնավորապես, առաջարկվում է վերջինիս դեպքում կիրառել նախազգուշացում, իսկ նախազգուշացումը կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկին կատարելու դեպքում կիրառել տուգանք՝ 50.000 դրամի չափով:Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն