Մի շարք մասնագիտական ծառայություններ շրջանառո...

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց մասնագիտական ծառայությունների ոլորտը շրջանառության հարկման համակարգից ավելացված արժեքի հարկով հարկման համակարգ տեղափոխելու վերաբերյալ նախագծին: 

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը հանձնաժողովի նիստում ներկայացրեց Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: 

Պողոսյանը հիշեցրեց՝ գործում է հարկման երեք համակարգ: Դրանցից առաջինի՝ միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ ռեժիմի պայմաններում հարկեր չեն վճարվում, խոսքը բիզնես հարկերի մասին է, ոչ թե աշխատավարձային հարկերի: Շրջանառության հարկի պարագայում վճարվում են հարկեր, սակայն էականորեն ավելի ցածր բեռով, քան միևնույն գործունեության տեսակը հարկման ընդհանուր համակարգում կազմակերպելու պարագայում կարող է վճարվել:  

«Շրջանառության հարկը գործունեության միևնույն տեսակի համար միջինում 2.5, 3, երբեմն ավելի շատ անգամով ավելի ցածր է, քան հարկման ընդհանուր համակարգում ԱԱՀ–ի և շահութահարկի արդյունավետ դրույքաչափերի հանրագումարը: Օրինակ՝ շինարարության պարագայում այդ տարբերությունը կազմում է 2.4 անգամ, խորհրդատվական ծառայությունների պարագայում՝ 3.2 անգամ: Բացառություն են կազմում միայն այն ոլորտները, որտեղ մատուցվող ծառայությունները կամ կատարվող աշխատանքները կամ մատակարարվող ապրանքներն ազատված են ավելացված արժեքի հարկից»,–ասաց Պողոսյանը:

Նա ընդգծեց՝ խոշոր տնտեսավարող սուբյեկտները, տեսնելով, որ կա ավելի ցածր հարկային բեռով միջավայր, փորձում են ամեն կերպ հայտնվել և  մնալ այդ միջավայրում, օրինակ՝ մասնատվում են, թաքցնում են իրացման շրջանառության իրական ծավալները, կամ բիզնեսները զսպում են աճը, որ չհատեն շրջանառության հարկի շեմը:

«Կառավարությունը գույքագրել է խնդրո առարկա ծառայության տեսակները և այս նախագծով առաջարկում է դրանք տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ 2025 թվականի հուլիսի 1-ից»,–ասաց փոխնախարարը:

Այդ ծառայության տեսակներն են իրավաբանական գործունեությունը, հաշվապահական գործունեությունը, կառավարման, խորհրդատվական գործունեությունը, շինարարությունը, անշարժ գույքի հետ կապված գործառնությունները, ճարտարապետություն, ճարտարագիտություն, գովազդային գործունեություն, շուկայի հետազոտություն և այլն: 

Պողոսյանը հիշեցրեց՝ այս թեմայով խորհրդարանական լսումներ են անցկացվել: Նախարարությունը պատրաստ է ներկայացված առաջարկները քննարկել: Այդուհանդերձ, առաջին ընթերցմամբ քննարկման համար ներկայացվել է նախագծի այն տարբերակը, որն ի սկզբանե հանրայնացվել էր:

Նախագծերի փաթեթը կքննարկի ԱԺ լիագումար նիստում: