Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 27-ի նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» նախագիծը։
Նախագիծը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նախագիծը նպատակ ունի բարելավել փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համար հարկային կարգավորումները և ստեղծել ավելի արդարացի պատասխանատվության համակարգ ՀԴՄ-ների կիրառման կանոնների խախտումների համար։
Պապոյանի խոսքով՝ գործող օրենսդրությունը չի տարբերակում ՀԴՄ կիրառման կանոնների խախտումները՝ անկախ խախտման բնույթից կամ պետական բյուջեի վրա դրա ազդեցությունից։ Ներկայումս նույն չափի տուգանք է կիրառվում ինչպես ՀԴՄ կտրոն չտրամադրելու, այնպես էլ մանր սխալների, օրինակ, ապրանքային կոդի անճշտության համար։
Նախագծով նախատեսվում է մեղմել այն պատասխանատվությունը, որը չի հանգեցնում ֆինանսական վնասի պետական բյուջեին։ Օրինակ՝ եթե ՀԴՄ կտրոնի վրա սխալ նշված է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային կոդը, սակայն կտրոնում գինը և ապրանքի անվանումը ճշգրիտ են, ապա նման դեպքերում խախտումը կպատժվի նախազգուշացմամբ, իսկ հաջորդ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում՝ 50 հազար դրամ տուգանքով։
Նախագծի նպատակն է ՓՄՁ-ների համար ստեղծել կանխատեսելի և արդար հարկային միջավայր։ Պապոյանը նշեց, որ այս փոփոխությունը հատկապես կարևոր է փոքր շրջանառություն ունեցող ձեռնարկությունների համար, որոնք հաճախ չեն տիրապետում անհրաժեշտ տեխնիկական գիտելիքներին՝ ճիշտ կոդավորման համար։ «Մենք առաջարկում ենք ավելի արդարացի մոդել, որը կհամապատասխանի իրական վնասին և խախտման բնույթին»,- ընդգծեց նախարարը։
Ըստ ՊԵԿ-ի 2022 թվականի տվյալների՝ ՀԴՄ-ների կիրառման 20,400 ստուգումներից 10,800 դեպքում արձանագրվել են խախտումներ։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել փոքր և տեխնիկական բնույթի խախտումների համար տրվող անհարկի խոշոր տուգանքները և բարձրացնել հարկային կարգապահությունը՝ առանց ավելորդ բեռի։
Պապոյանը շեշտեց, որ առաջարկվող փոփոխությունները կբարելավեն ՀԴՄ-ների կիրառման կանոնների նկատմամբ վերահսկողության արդարության աստիճանը և կաջակցեն պետության կողմից սահմանված դասակարգիչների կիրառմանն՝ առանց անհարկի խոչընդոտների։