Կատարը կվերսկսի ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև միջնո...

Կատարի ղեկավարությունը պատրաստ է վերսկսել միջնորդական ջանքերը՝ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի հասնելու համար, եթե նրանք նման ձգտում դրսևորեն։ Այս մասին հայտարարել է էմիրության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ Անսարին Հռոմում անցկացվող «Միջերկրածովյան երկխոսություններ» խորհրդաժողովում։

«Իմ կառավարության անունից ես պաշտոնապես հայտարարում եմ, որ հենց մենք տեսնենք երկու կողմերի ձգտումը, դուք կտեսնեք, որ Կատարը լիովին կվերականգնի բոլոր ջանքերը, որոնք մենք կարող ենք ձեռնարկել այդ հակամարտության խաղաղ կարգավորման համար…. Մենք պատրաստ ենք անհապաղ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, երբ տեսնենք երկու կողմերի պատրաստակամությունը», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ Կատարը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ դադարեցնում է իր միջնորդական ջանքերը։ 

Անսարին նշել է, որ եթե ​​բանակցությունների մասնակիցները չեն ցանկանում համաձայնության գալ, «աշխարհում ոչ մի միջնորդ, որքան էլ հզոր լինի նա, չի կարողանա պայմաններ ստեղծել համաձայնության հասնելու համար»։

Հոկտեմբերի 27-ին տեղական ժամանակով ժամը 04:00-ին (Երևանի ժամանակով 06:00-ին) ուժի մեջ է մտել Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի մասին համաձայնագիրը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» կազմակերպության միջև համաձայնությունները նախատեսում են Լիբանանի ուժերի վերահսկողության վերականգնում իր տարածքի նկատմամբ 60 օրվա ընթացքում, ինչից հետո իսրայելական բանակն աստիճանաբար դուրս կբերվի Լիբանանի տարածքից, իսկ երկու կողմերի քաղաքացիական անձինք շուտով կկարողանան անվտանգ կերպով վերադառնալ իրենց բնակավայրերը և սկսել դրանց վերականգնումը:   

Ինչպես հաղորդում է AFP գործակալությունը, վկայակոչելով ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներից մեկին, պաղեստինյան շարժումը Եգիպտոսի, Կատարի և Թուրքիայի միջնորդներին տեղեկացրել է Գազայի հատվածում հրադադարի շուրջ համաձայնագիր կնքելու պատրաստակամության մասին: