Ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախկին նախագահը. «Առա...

«Առավոտ» թերթը գրում է. «Նախորդ հոդվածներում անդրադարձանք մեկ օրվա ընթացքում վարչապետ Փաշինյանի հորդոր-խնդրանքով հրաժարականներ ներկայացրած բարձրաստիճան պաշտոնյաներ Վահե Ղազարյանի, Գնել Սանոսյանի, Սասուն Խաչատրյանի, Ռուստամ Բադասյանի, Արգիշտի Քյարամյանի հայտարարագրված ունեցվածքներին: «Սեւ կիրակիի» վերջին «զոհը» ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Կարեն Անդրեասյանն է: Տեսնենք, թե նա ինչ է հայտարարագրել 2024 թվականին ՝ նախորդ տարվա ունեցվածքի վերաբերյալ:

Պարզվում է, ՀՀ ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանը նույնպես սիրում է միանձնյա սեփականատիրական կարգերը: Նա 2023թ. վերջի դրությամբ ուներ միանձնյա սեփականություն հանդիսացող հինգ անշարժ գույք՝ 2012 թ. սեպտեմբերին նվիրատվություն ստացած բնակարան Երեւանում, նույն տարվա հոկտեմբերին (18.10.2012) Դիլիջանում գնած հողամաս եւ առանձնատուն, 2019 թ. գնած առանձնատուն՝ Հունաստանում եւ 2023 թվականին 61 մլն 699 հազար դրամով գնված բնակարան՝ Երեւանում:

Հետաքրքիր է, որ Անդրեասյանի՝ նախորդ տարվա հայտարարագրում ներկայացված անշարժ գույքի վերաբերյալ գրառումը որոշակի տարբերվում է: Այս դեպքում Դիլիջանում ներկայացված է միայն առանձնատունը՝ առանց հողամասի, եւ այն գրանցված է որպես նվիրատվություն՝ արված 2003 թվականի սեպտեմբերի 23-ին: Այսինքն՝ կա ընդամենը երեք գույք՝ երկու նվիրատվություն՝ մեկը Դիլիջանի տունը, մեկը՝ Երեւանի բնակարանը, եւ մեկ գնում՝ Հունաստանի տունը: Բավականին տարբեր է նաեւ 2022-ին հրապարակված հայտարարագրի «անշարժ գույքի» բաժինը:

Այս անգամ տեսնում ենք, որ 2021-ին Կարեն Անդրեասյանն ուներ վեց կտոր անշարժ գույք՝ 2012-ին նվիրատվություն ստացած Երեւանի բնակարանը, Դիլիջանի առանձնատունը, որն այս հայտարարագրում կրկին նշված է որպես «գնում»՝ 18.10.2012, Հունաստանի՝ 2019-ին գնած առանձնատունը, եւ եւս երեք կտոր անշարժ գույք՝ 2 ավտոտնակ եւ մի հասարակական նշանակության շինություն, որոնց տիրապետում էր ½ բաժնային իրավունքով, եւ որոնք բոլորը նվեր էր ստացել 2019-ին: Այդ երեք կտոր գույքը նույն տարում՝ 2021-ին, Կարեն Անդրեասյանը օտարել է՝ նվիրել է, ըստ ամենայնի՝ իր մայրիկին:

Տրանսպորտային միջոց, արժեթղթեր, հիփոթեքով ձեռք բերված անշարժ գույք Անդրեասյանը չի հայտարարագրել: Փոխարենը հայտարարագրել է 2017 թվականին նվիրատվություն ստացած թանկարժեք զարդ՝ 4 մլն դրամի արժողության, ինչպես նաեւ 0-ացած ավանդ, որը տարեսկզբին 43 հազար 500 դոլար էր կազմում:

Բանկային հաշիվների վրա Կարեն Անդրեասյանը հայտարարագրել է 616 հազար դրամ, 10 հազար դոլար եւ ընդհանուր՝ 150 հազար եվրո, ինչպես նաեւ կանխիկ՝ 2,5 մլն դրամ: 2023 թվականին հրապարակված հայտարարագրով՝ 2022 թվականին նա ուներ ավանդ՝ 43 500 դոլար, եւ բանկային հաշիվներ՝ 240 հազար եվրո, մոտ 33 հազար դոլար եւ մոտ 707 հազար դրամ, եւ կանխիկ գումար՝ մոտ 4,5 մլն դրամ: Իսկ դրա նախորդ տարվա հայտարարագրում Անդրեասյանը նշել է, որ 2021 թվականին ունեցել է 151, 800 դոլարի ավանդ, որից տարեվերջին մնացել է 51,800-ը: Ավանդից բացի՝ 2021 թվականին Անդրեասյանն ունեցել է նաեւ բանկային հաշիվների վրա առկա գումարներ՝ մոտ 260 հազար եվրո, 10 հազարից քիչ ավելի դոլար եւ 2 միլիոն 616 հազար դրամ:

Անդրեասյանը վաճառել է իրեն պատկանող բաժնեթղթեր՝ 35 մլն դրամով՝ Ալեքսանդր Ստեփանյանին: Խոսքը «Արբիտրաժային դատարան» ՍՊԸ-ի վաճառքի մասին է, որն անվանափոխվել է որպես «Քո փրոդաքշն»:

Այս ընկերության 100% սեփականատերը, համաձայն իրական շահառուների 2023 եւ 2024 թվականների հայտարարագրերի, Ալեքսանդր Ստեփանյանն է: Նկատենք, որ ըստ հայտարարագրի՝ Կարեն Անդրեասյանը 2021-ին կատարել է նույնքան՝ 35 մլն դրամի միանվագ ծախս, որն անցնում է «պաշտպանված է» տողով:

Անդրեասյանի կինը «Էյ էմ» իրավաբանական ընկերության 40%-ի սեփականատեր է, ընդ որում՝ այդ ընկերության բաժնետոմսերը ստացել է որպես նվիրատվություն ամուսնու ընկերոջից՝ արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանից: Բաժնետոմսերը 2012-ին արժեցել են 400 դրամ: Սակայն 2023-ի վերջում արժեցել են 1,653,600 դրամ: Կարեն Անդրեասյանի տիկնոջ՝ 2023 թվականին ստացած եկամուտների մեջ առյուծի բաժինը «Էյ Էմ» իրավաբանական ընկերությունից ստացած 31 մլն 412 հազար դրամ շահաբաժինն է: «Էյ էմ» ընկերության մյուս՝ 60 տոկոսի սեփականատերը Գրիգոր Մինասյանն է:

Ի դեպ, Գրիգոր Մինասյանի տիկնոջ հոր անունը Ալեքսանդր Ստեփանյան է:

Հիշեցնենք, որ Կարեն Անդրեասյանն իրեն պատկանող ընկերությունն օտարել էր Ալեքսանդր Ստեփանյան անունով մարդու»: