Արագածոտնում բախվել են ՀՀ ՊՆ-ի «UAZ Patriot»-...

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:10-ի սահմաններում Աշտարակ-Վաղարշապատ ավտոճանապարհին՝ Կարին և Սասունիկ գյուղերի ճանապարհին, բախվել են «UAZ Patriot» և 2 «Opel» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 3 հոգի հոսպիտալացվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: 

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ վթարի պատճառը եղել է մերկասառույցն ու մառախուղը, իսկ «UAZ»-ի վրա տեղադրված են եղել ՀՀ պաշտպանության նախարարության համարանիշներ, ու մինչ պարեկների ժամանումը համարանիշները ավտոմեքենայի վրայից հանել էին: 

Կայքի տեղեկություններով՝ հնարավոր է դեպքի վայր ժամանեն ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժնից, քանի որ «UAZ»-ի վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «UAZ»-ը, որի անվադողերն էլ ոչ ձմեռային էին: