Ապօրինություն հանուն Միքայել Մինասյանի բիզնես...

Շաբաթներ առաջ մեր խմբագրություն էր դիմել Երևանի հնաբնակ մի քաղաքացի և խնդրել էր բարձրաձայնել Ֆիլհարմոնիկ համերգասրահի մուտքի հարևանությամբ նախկինում եղած հուշաղբյուր-ցայտաղբյուրի տարածքում սրճարան կառուցելու և այդ հուշաղբյուրը ոչնչացնելու թեման։ Խոսքը նախկինում (գուցե նաև հիմա) Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին պատկանած «Ջազվե» սրճարանի զբաղեցրած տարածքում եղած հուշաղբյուր-ցայտաղբյուրի մասին է։

Մեր զրուցակիցը տեղեկացրել էր, որ հուշաղբյուր-ցայտաղբյուրը ընդգրկված է եղել ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշմամբ հաստատված Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։ Սակայն երբ Սերժ Սարգսյանի փեսան ցանկացել է այդ տարածքում սրճարան կառուցել, հուշաղբյուրը հանվել է այդ ցուցակից, որպեսզի հնարավոր լինի այն քանդել։

Այս հարցով մենք գրավոր հարցում ենք ուղարկել ԿԳՄՍ նախարարություն՝ հավելյալ տեղեկություններ ստանալու նպատակով։ Նախարարությունից մեզ տեղեկացրին, որ հուշաղբյուր-ցայտաղբյուրը ներկայումս ընդգրկված չէ Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։

Մշակույթի նախարարության նախկին աշխատակիցներից մեկը, ով չցանկացավ հրապարակել իր անունը, մեզ հետ զրույցում հաստատեց, որ հուշաղբյուր-ցայտաղբյուրը իսկապես ընդգրկված է եղել պետական ցուցակում, սակայն ժամանակին նախարարությանը հրահանգ է ստացվել այն ցուցակից հանելու։ Պաշտոնական հիմնավորումը եղել է այլ, բայց բոլորն էլ հասկացել են, որ հուշաղբյուրը հանվել է ցուցակից, որպեսզի չխանգարի տարածքում բիզնես գործունեություն ծավալել ցանկացող Միքայել Մինասյանին։

Չնայած այն հանգամանքին, որ սրճարանի կառուցման պահին հուշաղբյուրը հանված է եղել պետական ցուցակից, այնուամենայնիվ Սերժ Սարգսյանի փեսան չի ունեցել այն ապամոնտաժելու թույլտվություն։ Այդ մասին փաստում է Երևանի քաղաքապետարանին ուղղված մեր հարցման պատասխանը.

«Ի պատասխան Ձեր 17.09.2025թ. հ.215-2025թ. գրության՝ հայտնում եմ, որ համաձայն Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի կողմից ներկայացված տեղեկատվության՝ Ֆիլհարմոնիկ համերգասրահի հարևանությամբ նախկինում գործող հուշաղբյուր-ցայտաղբյուրի ապամոնտաժման մասին վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղեկատվություն առկա չէ»։

Սա նշանակում է, որ ոչ միայն հուշաղբյուր-ցայտաղբյուրը հանվել է պետական ցուցակից, այլև ապօրինի կերպով է ապամոնտաժվել։

Երևանի քաղաքապետարանի նախկին աշխատակիցներից մեկը մեզ տեղեկացրեց, որ այն ապամոնտաժվել է իբրև տարածքը բարեկարգելու և հետագայում վերատեղադրելու պայմանով, սակայն ի վերջո հուշաղբյուրը չի վերադարձվել իր տեղը։ Այս ապօրինության մասին տեղյակ է եղել քաղաքային իշխանությունը, սակայն որևէ քայլի չի դիմել։

ՀԳ Հետաքրքիր է, թե այսօր ինչու են լռում քաղաքային իշխանությունները։ ՔՊ-ական իշխանությունը ինչու՞ չի փորձում բացահայտել այս ապօրինության հետևանքները։ Սա հարց է, որը դեռ իր պատասխանն է սպասում։ Մենք հետևողական ենք լինելու։