
Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի վերաբերյալ ՍԴ որոշումն ունի լուրջ թերություններ, որոնք չպետք է անտեսվեն: Այս մասին լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց Սահմանադրական դատարան դիմած Ազգային ժողովի պատգամավորների ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։
Նա նշեց, որ Սահմանդրական դատարանը մերժել է իր միջնորդությունը գործի լսումները բանավոր ընթացակարգով անցկացնելու վերաբերյալ, ինչը խախտում է Սահմանդրական դատարանի մասին օրենքի պահանջները։
«Դա շատ կարևոր էր, քանի որ հանրության համար պայմաններ կստեղծվեին լսելու, թե որոնք էին մեր փաստարկները, ինչ ենք մենք պնդում, որ սահմանդրական դրույթներն են դրա հիմքում։ Այնուամենայնիվ այս հնարավորությունն անտեսվեց»,-ասաց Հարությունյանը։
«Այն, ինչ ես կներկայացնեմ, որևէ աղերս չունի այն մոտեցման հետ, որ փորձ է արվում պաշտպանել կոռուպցիոն գույքը։ Ո՛չ։ Բայց ես ինչքան կողմ եմ, որ կոռուպցիայի արդյունքում ձեռք բերված գույքը բռնագանձվի, նույնքան դեմ եմ, որ հիմքում դրվի պոպուլիստական գաղափար, որ եթե ինչ-որ մեկը հարուստ է, դա նշանակում է, որ նա գողացել է։ Կոռուպցիայի դեմ պայքարն ինչքան էլ կարևոր լինի, միևնույն է, այն չի կարող հիմք լինել, որ խախտվեն սահմանդրական իրավունքները»,-ասաց Հարությունյանը։
Նա հիշեցրեց, որ դատարանում վիճարկված օրենքն ունի երկու հայտարարված նպատակ՝ կոռուպցիայի դեմ պայքարը, որը վերաբերում է նախկին և ներկա պաշտոնյաներին, երկրորդ նպատակը հանցավորության դեմ պայքարն է, որը վերաբերում է անձանց, որոնք օրենքով սահմանված ցանկից որոշակի հանցագործություններ են կատարել և այդ դեպքում բացարձակապես կարևոր չէ, այդ մարդիկ պաշտոնյա եղե՞լ են, թե՞ ոչ, ներկայում պաշտոն զբաղեցնո՞ւմ են, թե՞ ոչ։ Ընդ որում, երկրոդ պարագահի համար օրենքը պահանջ չի դնում, որ հանցագործությունը պետք է դատարանի կողմից հաստատված լինի։
«Այսինքն, կարող է ընդամենը քրեական գործ հարուցված լինի, ավելին, օրենքը նշում է, եթե անձը արդարացվեց, համարվեց, որ նա հանցագործությունը չի կատարել բռնագանձման վարույթը, միևնույն է, պետք է շարունակվի։ Տարօրինակ է, բայց օրենքը պարունակում է նման դրույթ»,-ասաց նա։