
Երևանի քաղաքապետարանը «Հենար» բարեգործական հիմնադրամի հետ նախաձեռնել է դեֆիբրիլյատորների տեղադրման ծրագիրը փողոցներում, այգիներում և բազմամարդ հանրային տարածքներում: Այդ մասին քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է Ֆեյսբուքի իր էջում:
«Երևանը դարձել է տարածաշրջանում առաջին քաղաքը, որտեղ ներդրվել է հանրային առողջության ոլորտում նման կառուցվածքային և տեխնոլոգիական ինտեգրված լուծում։

Այս սարքերը նախատեսված են սիրտանոթային համակարգի անհետաձգելի խնդիր առաջանալու դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու համար և կարող են բառացիորեն փրկել կյանքեր՝ մինչև բժշկական խմբերի ժամանումը»,- գրել է քաղաքապետը:
Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունն են բերել այս կարևոր նախաձեռնության իրականացմանը։
«Միասին կարող ենք ստեղծել Երևան, որը կլինի ոչ միայն գեղեցիկ, այլև առողջ և անվտանգ բոլորի համար»,- համոզմունք է հայտնել Ավինյանը։