
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Atlantic-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հակամարտության մեջ կարող էր Ուկրաինայի կողմը գրավել։
«Պարտադիր չէ Զելենսկու կողմից, սակայն Ուկրաինայի կողմից, այո», -նշել է ԱՄՆ նախագահը։ Նա հավելել է, որ դժվար ժամանակներ է ունեցել Զելենսկու հետ։
«Դուք դա տեսաք այստեղ, երբ նա նստած էր այդ աթոռին, երբ պարզապես չէր կարողանում դա հասկանալ»,-շեշտել է նա:
Նա միաժամանակ մեկնաբանել է իր և Ուկրաինայի նախագահի միջև Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանությունը։
«Նա պարզապես պետք է լռեր, գիտե՞ք։ Նա իր ուզածին հասավ,- ասել է Թրամփը։ -Բայց փոխանակ ասելու «լավ», երբ հայտարարություն արեցի, ասացի. «Դե ինչ, մենք աշխատում ենք այս խնդիրը լուծելու ուղղությամբ։ Փորձում ենք օգնել»։ Նա ասաց. «Ո՛չ, ո՛չ, մեզ էլ է անվտանգություն պետք»։ Ես ասացի. «Անվտանգությո՞ւն», -նշել է Թրամփը ։
Հարցին, թե արդյոք Զելենսկին պետք է պաշտպանի իր երկիրը, ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Այո, դա ճիշտ է, բայց այսպես թե այնպես, եկեք նախ ավարտենք պատերազմը։ Իրականում ես ասացի. «Ես նույնիսկ չգիտեմ՝ կարո՞ղ ենք վերջ դնել դրան»։ Գիտեք, դրանից հետո նա խոսեց անվտանգության մասին։ Հետո նա հայտարարություն արեց, կարծես իրենք մենակ էին պայքարում դրա դեմ, ոչ ոք իրենց չէր օգնում։ Ես ասացի. «Դե, մենք ձեզ օգնեցինք 350 միլիարդ դոլարով, իսկ Եվրոպան՝ շատ ավելի քիչ գումարով», և դա ևս մեկ բան է, որը ինձ անհանգստացնում է»։
«Կտեսնենք, թե ինչ կլինի հաջորդ շաբաթվա ընթացքում։ Մենք սկսում ենք վերջնական ուրվագծերը դնել ամեն ինչի վրա։ Եվ կրկնում եմ, սա Բայդենի պատերազմն է։ Ես չեմ ուզում, որ դրանով ինձ ծանրաբեռնեն: Սա սարսափելի պատերազմ է։ Սա չպետք է տեղի ունենար։ Դա երբեք տեղի չէր ունենա, դա նույնքան ակնհայտ է, որքան այն, որ դուք նստած եք այստեղ», - հավելել է ԱՄՆ նախագահը։