
Այս գիշեր Ջարամանա քաղաքի մոտակայքում բախումներ են տեղի ունեցել Սիրիայի «անվտանգության ուժերի» և դրուզների միջև։
Փոխհրաձգության հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Մերձավոր Արևելքին վերաբերող թեմաները լուսաբանող Telegram-յան ալիքները հաղորդում են, որ քաղաքի բնակելի թաղամասերը ականանետային հրետակոծության են ենթարկվել կառավարական խմբերի կողմից։
Համացանցում նաև տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես են զինյալները Իդլիբում սպառնում սպանել դրուզներին, նրանց անվանում են անիծյալներ և մյուս մուսուլմաններին կոչ են անում հարձակվել նրանց վրա։ Միաժամանակ դրուզ աշխարհազորայինների ստորաբաժանումները համառ դիմադրություն են ցույց տալիս և հետ մղում հարձակումը։ Բախումների պատճառը հայտնի չէ։
Ըստ տեղական ԶԼՄ–ների՝ իշխանությունները լրացուցիչ ուժեր են ուղարկել շրջան և խստացրել «անվտանգության միջոցառումները»։
Ջարամանա քաղաքը գտնվում է Դամասկոսից երեք կիլոմետր դեպի հարավ-արևելք, միջազգային օդանավակայան տանող ճանապարհին։ Քաղաքը հիմնականում բնակեցված է դրուզներով և քրիստոնյաներով։
Հիշենք, որ այս տարվա մարտին զինված խմբավորումները Սիրիայի ափին ալավիների և քրիստոնյաների զանգվածային սպանություններ էին իրականացրել։ Լիբանանյան «Al Nahar» թերթի տվյալներով` Սիրիայի նոր իշխանությունների անվտանգության ուժերի և ապստամբ ալավիների (մահմեդականներ, որոնք կազմում են Սիրիայի բնակչության 10%-ը և բնակվում են երկրի արևմուտքում) բախումների ժամանակ մահացածների թիվը հասել է հազարի։ Սակայն, ոչ պաշտոնական տվյալներով, զոհերի թիվը շատ ավելի մեծ է։