Ապաշրջափակման հարցով Բաքվի հետ փաստաթուղթ չի...

Չեմ կարող դետալներին անդրադառնալ, ենթադրում եմ, երբ որ որոշակի արդեն քննարկումը ընթացք ստանա, որովհետև առայժմ առաջարկների մասին ենք խոսում, հետո հնարավոր կլինի հանրային դրանց մասին խոսել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով նախօրեին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե հայկական կողմն առաջարկներ է արել Ադրբեջանին:

«Այդ առաջարկների ոգին, բխում է խաղաղության խաչմերուկ նախագծից և այն պատկերացումներից, որը Հայաստանի կառավարությունը ներկայացրել է այս վերջին տարիներին: Այդ առաջարկների հիմքում այդ նույն սկզբունքներն են, այսինքն Հայաստանի ինքնիշխանությունը և իրավազորությունը»,-ասաց նա:

Հարցին, վարչապետը ո՞նց է ասում, որ հնարավոր է փոխադարձ ընդունելի լուծում լինի, եթե դեռ պատասխանը չկա, Խանդանյանը պատասխանեց. «Այն խոսակցությունից, որը տեղի է ունեցել Կազանում և այդտեղ որոշակի դետալներ ենթադրում եմ, որ քննարկվել են, դրանից հետո շատ ճիշտ եք նշում՝ հնարավոր է լինի փոխընդունելու լուծում: Երբ որ արձագանքը ստանանք, արդեն, եթե հնարավոր են, ավելի նյութական կդառնա»:

Դիտարկմանը, որ ստացվում է, որ փաստաթուղթ է բանակցվում ապաշրջափակման հարցով, որը խաղաղության պայմանագրի շրջանակում չէ, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Դա միջազգային իրավունքի տեսանկյունից փաստաթուղթ չէ, այլ ուղղակի նամակագրություն է: Խաղաղության պայմանագրում ապաշրջափակման հատվածը առանձնացվել է»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ ռազմավարական գործարք կնքելուն, որի մասին երեկ խոսեց վարչապետը, Խանդանյանն ասաց. «Այն նույն սկզբունքները, որի մասին խոսում ենք, այն, որ երկրները փոխադարձաբար պետք է ճանաչեն և, ըստ էության, սահմանազատման կանոնակարգով դա նաև միջազգային պայմանագրի տեսքով ֆիքսվեց, փոխադարձ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը. չեն խառնվում միմյանց ներքին գործերին և փորձում են նորմալացնել հարաբերությունները, որպեսզի այդ հարաբերությունների կարգավորումը շահավետ լինի երկու կողմերի համար էլ, և այստեղ շատ կարևոր է հենց ապաշրջափակման կտորը, որովհետև ապաշրջափակման դեպքում տեղի են ունենալու շարժեր՝ կոմունիկացիոն, լոգիստիկ շարժեր, որոնք օգուտներ են բերելու, ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին»:

Հարցին՝ ինչո՞ւ էանհրաժեշտություն առաջանում առանձին նաև ռազմավարական գործարք կնքել, պատգմավորն արձագանքեց. ««Ռազմավարական գործարք ասելիս խոսքը փաստաթուղթ կնքելու մասին չէ, խոսքը այդ բոլոր բանակցությունների և քննարկվող իրողությունների շրջանակները այնպիսի տրամաբանություն հաղորդելու մասին է, որ ի վերջո դրանք փոխշահավետ լինեն»:

Խանդանյանը նշեց, որ հիմա իրենք պետք է սպասեն Բաքվի ավելի նյութական արձագանքին, հետո նոր եզրահանգումներ անեն. «Ինչպես գիտեք, Հայաստանի համար նման լուծումը անընդունելի է, և երբ որ խոսում ենք փոխշահավետ լուծման մասին կամ փոխադարձաբար ընդունելի լուծման մասին, դա բացառում է որևէ միջանցքային տրամաբանություն»: