
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջին անգամ մեկնաբանել է Ռուսաստանի ուժայինների իրականացրած ռեյդերը, որոնց հետևանքով զոհվել են Զիյադին և Հուսեյն Սաֆարով եղբայրները:
Նրա խոսքով՝ Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացումը սկսվել է «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռի կործանումից, որի համար Ալիևը ավելի վաղ մեղադրել էր Ռուսաստանին: Նա նշել է, որ այդ պահին Ադրբեջանը «զայրացած էր, վրդովված ու հիասթափված», և մարդիկ սպասում էին արդար նախաքննության: Սակայն, փոխարենը՝ «Ռուսաստանում սկսվել են անհիմն հարձակումներ ադրբեջանցիների վրա»:
«Երկու մարդ խոշտանգվել է և սպանվել: Իսկ ստացված պաշտոնական տեղեկատվության մեջ նշվում է, թե նրանք մահացել են սրտի կաթվածից»,- ասել է նա: Ալիևը վրդովված է Ադրբեջանի և ադրբեջանական ծագմամբ Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ վերաբերմունքից և այդ միջադեպը որակել է «աննախադեպ գործողություն» ադրբեջանական ժողովրդի դեմ:
«Մենք պատասխանատու չենք հարաբերությունների վատթարացման համար: Մենք արձագանքում ենք կառուցողական և օրինական, բայց երբեք չենք հանդուրժի մեր նկատմամբ ագրեսիայի կամ անհարգալից վերաբերմունքի որևէ նշան կամ դրսևորում»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը:
2025 թվականի հունիսին Եկատերինբուրգում անվտանգության ուժերի իրականացրած ռեյդի արդյունքում ձերբակալվել են տասնյակ էթնիկ ադրբեջանցիներ, որոնք կասկածվում են 2001-2011 թվականներին կատարված սպանությունների համար: Ձերբակալության ժամանակ մահացել են Սաֆարով եղբայրները: Հուլիսին լրատվամիջոցները հայտնել են, որ Ադրբեջանը Ռուսաստանի Դաշնությանն է փոխանցել ադրբեջանցիների «խոշտանգումների և սպանության» ապացույցներ: