Անթիլիասում կհավաքվեն փորձագետներ Հայաստանից,...

Հունվարի 19-20-ին Անթիլիասի Մայրավանքում, Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի օրհնությամբ, կայանալու է «Հայկական աշխարհը և տարածաշրջանային վերջին իրադարձությունները» թեմայով խորհրդաժողով։ Այս առիթով, Վեհափառ Հայրապետի հրավերով, Անթիլիաս կժամանեն Հայաստանից, Միացյալ Նահանգներից, Հարավային Ամերիկայից, Ֆրանսիայից պատմագետներ, իրավագետներ և քաղաքագետներ։ Այս մասին տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

Խորհրդաժողցովին Հայաստանից մասնակցելու է պրոֆեսորներ Աշոտ Մելքոնյանը, Ռուբեն Սաֆրաստյանը, դոկտեր Արմեն Մարությանը, դոկտոր Վահրամ Բալայանը՝ Արցախից։

Օրակարգում ներառված են Ադրբեջանի կողմից պատմության նենգափոխումներին դիմակայելու, Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի և անվտանգության երաշխավորման իրավական ուղիները որոնելու, ռազմագերիների և  առևանգված ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման աշխատանքներին ուղղված և Արցախի հոգևոր ու  մշակութային ժառանգության պահպանման համար միջազգային ատյաններում հանձնառությունն ապահովելու հարցեր։

«Մեր ժողովրդի ժամանակակից պատմության ամենաճգնաժամային հանգրվաններից  մեկում ենք, հայրենիքի և Սփյուռքի մասնագիտական այս համախմբումը երկօրյա  նիստերով պիտի քննարկի համահայկական օրակարգերի մշակման համար ուղենիշներ ճշտող հրատապ խնդիրներ»,- նշված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կայքում։