ԱՄՆ-ը մտադիր է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կոչ անել...

ԱՄՆ-ը մտադիր է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կոչ անել ավելի շատ միջոցներ հատկացնել Ուկրաինայի համար զենք գնելուն, Bloomberg-ին հայտնել են իրազեկ աղբյուրները։ Նրանց խոսքով՝ լրացուցիչ ֆինանսավորում է անհրաժեշտ PURL՝ «Ուկրաինայի առաջնահերթ կարիքների ցանկ» ծրագրին, քանի որ Վաշինգտոնը դեռ չի ստացել արդեն հաստատված սպառազինության խմբաքանակների դիմաց վճարման ենթակա մոտ 2 մլրդ դոլարը։ Գործակալության զրուցակիցներն ընդգծել են, որ ԱՄՆ-ը պատրաստ է սպառազինություն մատակարարել մինչև վճարումն ստանալը, սակայն դա մեծացնում է ծրագրի ֆինանսավորման պակասուրդը։

PURL մեխանիզմն ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի երկրները գործարկել են 2025 թվականի հուլիսին՝ այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվեց միջոցներ հատկացնել Կիևին օգնելու համար։ Ծրագրի շրջանակում Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները վճարում են ուկրաինական բանակի կարիքների համար ԱՄՆ-ից սպառազինության և զինամթերքի գնումների դիմաց։ Մասնավորապես, այս մեխանիզմով է մատակարարվում ուկրաինական ՀՕՊ համակարգերի, այդ թվում՝ Patriot-ի համար նախատեսված հրթիռ-որսիչների մեծ մասը։ Անցյալ ամիս ԱՄՆ-ը սպառնացել էր կասեցնել ծրագրի շրջանակում մատակարարումները՝ ի պատասխան ռուսական էներգետիկ ենթակառուցվածքներին Ուկրաինայի հարվածների։ Սակայն սպառնալիքը չի իրագործվել, և ծրագիրը շարունակել է գործել, նշել են Bloomberg-ի աղբյուրները։

Այդուհանդերձ, նրանց խոսքով՝ այս հարցի շուրջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները շփոթություն են առաջացրել դաշնակիցների շրջանում և երբեմն դժվարացրել նրանց համոզելը՝ ծրագրի ֆինանսավորման համար միջոցներ փոխանցելու հարցում։ Միաժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտնել էր, որ Կիևը գրեթե մեկ ամիս սպասում է Patriot և NASAMS համակարգերի համար հրթիռների մատակարարումների համաձայնեցմանը։ Նրա խոսքով՝ այս տարի Ուկրաինան Patriot համակարգերի համար ամսական միջինը ստանում է ընդամենը 12 հրթիռ։

Պենտագոնում հավաստիացրել են, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը չի փոխվել, իսկ PURL ծրագիրը «շարունակում է գործել առանց փոփոխությունների»։ Միևնույն ժամանակ, ինչպես Politico-ին հայտնել են ՆԱՏՕ-ի դիվանագետները, եվրոպացի դաշնակիցները մտավախություն ունեն, որ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից հետո Վաշինգտոնի աջակցությունն Ուկրաինային կարող է վտանգվել։ Մասնավորապես, նրանց խոսքով՝ Թրամփը կարող է ուժեղացնել ճնշումը դաշինքի վրա, այդ թվում՝ սահմանափակել Կիևին տրամադրվող օգնության ծրագիրը։ Ընդ որում, եվրոպական երկրների համար դժվար կլինի փոխհատուցել ամերիկյան զենքի մատակարարումների հնարավոր կրճատումը։