Խոսքը Անկախության հռչակագրի բովանդակության մասին է եղել և այն շեշտադրումների, որոնք կան այդ փաստթղթում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով Անկախության հռչակագրի վերաբերյալ Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից արած հայտարարությանը:
«Իհարկե, այդ փաստաթուղթը, որ ընդունվել է 1990 թվականին, երբ որ անկախ Հայաստանը չկար, բայց այն տեսլականը, որը նկարագրված է Անկախության հռչակագրում, շատ անիրական է պատկերում Հայաստանի անկախ Հանրապետությունը։ Ուստի կիսում եմ այդ մոտեցումը և նաև այս կոնտեքստում, դրա իրավական գնահատականի տեսանկյունից կարևոր էր սեպտեմբերի 26-ի Սահմանադրական դատարանի որոշումը։
Իհարկե, ես չեմ ցանկանա բարձր դատարանի որոշմանն ինչ-որ մեկնաբանություններ տալ՝ բացասական կամ դրական, բայց այդ որոշումը որոշակիորեն ամրապնդում է այդ տեսակետը»,- ասաց նա:
Լրագրողի հարցին՝ ինչու են հիմա բարձր մակարդակով նման հայտարարություններ արվում, արդյոք Ադրբեջանը պահանջներ է ներկայացնում Անկախության հռչակագրի վերաբերյալ:
«Նախորդ օրերին բյուջեի քննարկման ընթացքում խոսակցությունը բացառապես ներհայաստանյան է եղել, խոսակցությունն իրական Հայաստանի գաղափարի շուրջ է եղել, ու ես չեմ հասկանում այդ ենթադրությունը, որ որևէ ներհայաստանյան խոսույթ Հայաստանի հանրության հետ, Հայաստանի կառավարության խոսակցությունը պետք է ինչ-որ տեղից պարտադրված լինի։
Թեմաներ կան, որ մենք չենք կարող Հայաստանի հանրության հետ փակ սենյակում մտնենք և ոչ հրապարակային խոսակցություն ունենանք, դա անհնար է ժողովրդավարական երկրի պայմաններում, բայց և դա չպիտի պատճառ լինի, որ մենք դադարեցնենք այդ խոսակցությունը, որովհետև դա կնշանակի հեռանալ ժողովրդից և չխոսել այն իրական խնդիրների մասին, որոնք կան մեր երկրում։
Իսկ այն պահանջներին, պատճառաբանություններին և ռետորաբանությունը, որը կա Ադրբեջանի կողմից, արձագանք է հնչում և նաև վարչապետը արձագանքեց Սահմանադրության փոփոխման մասին խոսույթին»,- ասաց Խանդանյանը: