Հայաստանի խորհրդարանում անհրաժեշտ է «Արցախ» պատգամավորական խումբ ստեղծել: Այս մասին մարտի 19-ին Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստին հայտարարեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Թովմասյանը, մասնավորապես, նշեց, որ օրերս ինքը եւ երկու այլ պատգամավոր՝ Սոֆյա Հովսեփյանը եւ Աննա Գրիգորյանը, վերադարձել էին Ղարաբաղից, որտեղ հանդիպել էին իրենց ղարաբաղցի գործընկերների հետ: Նշենք, որ բոլոր երեք պատգամավորներն էլ նախկինում իշխող «Իմ քայլը» դաշինքի մաս էին կազմում, բայց լքել են այն 2020-ի նոյեմբերին:
Չնայած Ազգային ժողովի կանոնակարգը նման խմբի ստեղծում չի նախատեսում, այնուամենայնիվ, պատգամավորները ցանկանում են ձեւավորել այն: Բացի այդ, նրանք խորհրդարանի ղեկավարությանը կոչ են անում «Հայաստան-Արցախ» խորհրդարանական բարեկամության խումբ ստեղծել, որը, նշեց Թովմասյանը, Հայաստանի խորհրդարանում դեռ չկա:
«Մենք սովոր ենք ասել, որ Հայաստանը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, բայց իրականում հակառակն է. հիմա Ղարաբաղն է Հայաստանի անվտանգության երաշխավորը: Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերի բնակիչներն համոզվում են դրանում՝ տեսնելով, թե ինչպես է Ղարաբաղը հեռացնում իրենց սահմանագծերը հակառակորդից»,- ասաց Թովմասյանը:



