ՌԴ ԱԴԾ–ն խափանել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից Ամուրի և Չելյաբինսկի մարզերի ռազմական օդանավակայանների վրա անօդաչուներով լայնածավալ հարձակումների նախապատրաստական աշխատանքները։ Ձերբակալվել են կատարողներն ու հանցակիցները, հայտնում է ԱԴԾ-ի հասարակայնության հետ կապերի կենտրոնը։
Կենտրոնի տվյալներով՝ թշնամին ինքնաթիռատիպ ԱԹՍ–ների օգնությամբ մարտական մասերով և շարժական ցամաքային կառավարման կայաններով հագեցած FPV դրոններ է գցել Բրյանսկի մարզ` Ամուրի և Չելյաբինսկի մարզերի ռազմական օդանավակայանների վրա ահաբեկչական հարձակումներին նախապատրաստվելու համար։ Դրանք տեղափոխել են երկրի խորքը՝ թաքնված խցիկներով մեքենաներով և հավաքել են օդանավակայանների մոտ գտնվող վարձակալված ավտոտնակներում։
Առգրավվել է Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Կանադայում և Շվեդիայում արտադրված նեյրոցնացային մոդուլներով 24 FPV դրոն։ Դրանք հագեցած են եղել ավելի քան 1 կգ քաշ ունեցող պայթուցիկ նյութեր պարունակող մարտական մասերով։ Բացի այդ, ուժայինները առգրավել են ինքնաոչնչացման սարքերով երկու շարժական կառավարման կայան և ուկրաինական համակարգողների հետ կապի միջոցներ։
Սա կանխված ահաբեկչական հարձակումների շարքի մի մասն է, այդ թվում՝ Մոսկվայի մարզում զինվորականների դեմ մահափորձերը և Դոնի Ռոստովի օդանավակայանի վրա հարձակումը, ասվում է հաղորդագրության մեջ։
ԱԴԾ-ն հիշեցրել է, որ հանցագործությունից կամավոր հրաժարվելը կամ իշխանություններին ժամանակին նախազգուշացնելը ազատում է պատասխանատվությունից ՌԴ ՔՕ 205-րդ հոդվածի համաձայն։
Հուլիսի 10-ին ԱԴԾ-ն հայտնել էր «Ռոստով-Ցենտրալնի» ռազմական օդանավակայանում ահաբեկչական հարձակման կանխման մասին, որը ծրագրում էր իրականացնել Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը արհեստական բանականության դրոնների օգնությամբ։



