Կիսամերկ կանայք, սեքսուալ պարեր․ Քրիստոսի Պայ...

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու համար Վարդավառը Քրիստոսի Պայծառակերպության տոնն է՝ քրիստոնեական կարևորագույն տոներից մեկը։ Սակայն երեկ Երևանի որոշ միջոցառումների պատկերները շատերի մոտ այլ տպավորություն ստեղծեցին։ Քրիստոնեական խորհրդի փոխարեն հրապարակում հայտնվել էին հեթանոսական ծագում ունեցող խորհրդանիշներ, այդ թվում՝ Նեպտունի կերպարը, կիսամերկ ելույթներ և սեքսուալացված պարեր։

Խնդիրը միայն գեղագիտությունը չէ։ Երբ քրիստոնեական տոնի բովանդակությունը փոխարինվում է հեթանոսական սիմվոլիկայով և հեդոնիզմով, փոխվում է նաև տոնի ընկալումը։ Այսպիսով, Վարդավառը շատերի համար այլևս ոչ թե Պայծառակերպության, այլ զվարճանքի և հաճույքի փառատոնի էր նմանվում։

Առանձնահատուկ պատասխանատվություն ունի նաև իշխանությունը։ Երբ նման ձևաչափը կազմակերպվում կամ խրախուսվում է պետական ու համայնքային կառույցների կողմից, հասարակությանը փոխանցվում է հստակ արժեքային ուղերձ։ Փաստացի, հազարավոր քրիստոնյաներ հայտնվում են մի միջոցառման մասնակից, որի խորհրդանիշներն ու բովանդակությունը շատերի գնահատմամբ ավելի մոտ են հեթանոսությանը, քան քրիստոնեական ավանդույթին։

Վարդավառը դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի քրիստոնեական ինքնության կարևոր տոներից մեկը։ Եթե նրա հոգևոր բովանդակությունը փոխարինվում է օտար խորհրդանիշներով և հաճույքի մշակույթով, ապա հարց է առաջանում՝ արդյո՞ք մենք շարունակում ենք նշել Վարդավառը, թե պարզապես նույն անվան տակ ստեղծում ենք բոլորովին այլ տոն։