Հայաստանում ամերիկյան դեսպան Լին Թրեյսին բավական ուշագրավ հայտարարություն արեց, կապված Ադրբեջանին ԱՄՆ կողմից տրամադրված ռազմական օգնության բնույթի մասին, ինչը սակայն, չգիտես թե ինչու աննկատ մնաց հայաստանյան փորձագետների մոտ։
Հայտարարությունը կարելի է համարել իր տեսակի մեջ սենսացիոն, քանի որ բավականին հետաքրքիր տեղեկատվություն է պարունակում իր մեջ, որը ոչ միայն մասնակիորեն կարող է վերաբերվել մեզ, այլ նաեւ՝ Հայաստանի առնվազն երկու հարեւան երկրներից մեկի՝ մյուսի հանդեպ ունեցած վերաբերմունքի մասին։
Դեսպան Թրեյսին ասել է մասնավորապես հետևյալը․ «Կարծում եմ, որ Ադրբեջանին տրամադրվող օգնությունը ռազմական օգնություն չէ, այլ հակաահաբեկչական օգնություն է, որը կոչված է օգնելու Ադրբեջանին Իրանի հետ իր սահմանը ապահովման գործում, և լուծելու հակաահաբեկչական խնդիրները, որոնց շուրջ ԱՄՆ և Ադրբեջանը մտավախություններ են կիսում: Ինչ վերաբերում է ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող օգնությանը, ռազմական օգնությանը, ապա ես պարզապես պետք է հիշեցնեմ, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ դա այն կազմակերպությունը չէ, որի անդամ է ԱՄՆ-ն, և Հայաստանի ՀԱՊԿ-ի անդամակցությունը շատ էական սահմանափակումներ է դնում ռազմական օգնության վրա, որը մենք կարող ենք տրամադրել»:
ԱՄՆ դեսպանն ըստ էության արձանագրում է, որ Միացյալ Նահանգները ռազմական օգնություն է տրամադրում Ադրբեջանին այն բանի համար, որպեսզի Ադրբեջանը կարողանա ապահովել Իրանի հետ ունեցած սահմանի ամրությունը։ Ընդ որում, դա ոչ թե ռազմական օգնություն է, այլ հակաահաբեկչական, այսինքն թե՝ Ադրբեջանը Իրանի հետ սահմանագոտուց ահաբեկչության վտանգներ է զգում, որի համար էլ կարիք ունի իրանա-ադրբեջանական սահմանն ամրացնելու, եւ որի համար էլ օգնություն է ստանում Միացյալ Նահանգներից։
Հիմա, առաջանում են հետեւյալ հարցերը՝ ի՞նչ հակաահաբեկչական խնդիրներ ունի լուծելիք Ադրբեջանը, որոնք փոխկապակցված են Իրանի հետ եւ արդյո՞ք սա չի նշանակում, որ Ադրբեջանը վերածվում է Միացյալ Նահանգների համար հակաիրանական պլացդարմի։ Ադրբեջանը Իրանի հետ սահմանի միայն մեկ մասն էր տնօրինում մինչեւ 44-օրյա պատերազմը։ Որոշակի մաս գտնվում էր Լեռնային Ղարաբաղի հսկողության ներքո։
Հայտնի է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի՝ միջազգային իրավական տերմինաբանությամբ ասած՝ փաստացի իշխանություններին համարում է գրեթե ահաբեկչական խմբավորում։ Այստեղ արդեն երկրորդ հարցախումբն է ձեւավորվում, որը պետք է պարզաբանի դեսպան Թրեյսին․ Ադրբեջանի հակաահաբեկչական կարգավորելիք խնդիրները, որոնք պետք է կարգավորվեն կամ կարգավորվում են ամերիկյան ռազմական օգնության միջոցով, արդյո՞ք նաեւ ներառում էր պայքարը Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների դեմ, կամ ինչպե՞ս է կարողացել ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության անդամ Միացյալ Նահանգները կարողացել անցկացնել այն նուրբ ջրբաժանը, որով իր կողմից հատկացված ռազմական օգնությունը ծախսվել է օրինակ հակաահաբեկչական խնդիրներ լուծելու համար, բայց այն ուղղված չի եղել Լեռնային Ղարաբաղի դեմ։
Ի վերջո, նման ջրբաժան անցկացնելը գրեթե անհասանելի է։ Ստացվում է, որ Բաքուն Ամերիկայից ստացած գումարները նաեւ Ղարաբաղի դեմ պայքարի մեջ կարող էր օգտագործած լինել, եւ եթե այո, ապա որքանո՞վ է հարիր Մինսկի խմբի համանախագահ երկրին տրամադրել ռազմական աջակցություն, թեկուզ եւ հակաահաբեկչական խնդիրներ լուծելու համար, եթե հստակ հասկանալի է, որ դա ուղղվելու է Ղարաբաղի դեմ, որի շուրջ հակամարտության կարգավորման միջնորդական առաքելության հիմնական դերակատարներից է հանդիսանում Միացյալ Նահանգները։ Որովհետեւ անուղղակի կերպով կարող ենք նաեւ պնդել, որ եթե Միացյալ Նահանգները այս ամենը հասկանալով տրամադրել է ռազմական օգնությունը, ապա Ղարաբաղի փաստացի իշխանություններին համարել է ահաբեկչական խմբավորում։ Դեսպան Թրեյսին պետք է, որ իր հայտարարությունից բխող այս հարցերին սպառիչ պատասխաններ տա, թեկուզ եւ հաշվի առնելով որ իր հայրենի երկրում մոտ երկու ընտրելու իրավունք ունեցող ազգությամբ հայ քաղաքացի ունի, որոնք հարկատու են եւ իրավունք ունեն այս հարցերի պատասխանները լսել դեսպանից։