Պակիստանը փակել է օդային տարածքը Հնդկաստանում...

Պակիստանը որոշել է հոկտեմբերի 28-ի և 29-ի որոշակի ժամերի փակել իր օդային տարածքը Հնդկաստանի արևմտյան Ռաջաստանի և Գուջարաթի նահանգներում լայնածավալ զորավարժությունների պատճառով։ Այս մասին հաղորդում է պակիստանյան The Nation պարբերականը։ 

Հնդկական լրատվամիջոցների տվյալներով՝ Հնդկաստանը պատրաստվում է հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 10-ը Պակիստանի հետ իր արևմտյան սահմանի երկայնքով անցկացնել «Տրիշուլ 2025» մարտական խոշոր վարժանքներ, որոնք կընդգրկեն ռազմածովային, ռազմաօդային և ցամաքային ուժերը։ Զորավարժություններին պատրաստվելիս Հնդկաստանի իշխանությունները նաև սահմանափակել են Գուջարաթի և Ռաջաստանի օդային տարածքի որոշ հատվածներ։ 

ՏԱՍՍ գործակալությունն իր հերթին հաղորդում է, որ հոկտեմբերի սկզբին Պակիստանը երկարաձգել էր հնդկական ինքնաթիռների թռիչքների արգելքն իր օդային տարածքում մինչև նոյեմբերի 23-ը: Արգելքը սահմանվել էր ապրիլի 24-ին՝ Ջամմու և Քաշմիրի Հնդկաստանի միութենական տարածքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել էր Հնդկաստանի 25 քաղաքացի և մեկ նեպալցի: Հնդկաստանը հայտարարել էր, որ ապացույցներ ունի, որ Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը ներգրավված է եղել հարձակման մեջ:

Հնդկաստանը նմանատիպ արգելք ունի Պակիստանի քաղաքացիական թռիչքների նկատմամբ: 

Մայիսի 7-ի գիշերը հնդկական ուժերը սկսեցին «Սինդուր» գործողությունը՝ հարվածելով Պակիստանում ահաբեկիչների գտնվելու վայրերին: Պակիստանը պատասխանեց այս հարվածներին: Մայիսի 10-ին երկու կողմերը հայտարարեցին լիակատար հրադադարի մասին: Հնդիկ պաշտոնյաները հայտարարել են, որ «Սինդուր» գործողությունը կասեցվել է, բայց չի ավարտվել։