Սյունիքի մարզի պարեկները հոկտեմբերի 24-ին Սյունիք բնակավայրում ծառայություն իրականացնելիս կանգնեցրել են «ԿամԱԶ» մակնիշի մի բեռնատար: Ստուգման արդյունքում պարզվել է, որ բեռնատարի թափքում մոտ 20 մ/խ փայտանյութ կա։ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ պարզվել է նաև, որ վարորդի ներկայացրած փաստաթուղթը ժամկետանց է և նախատեսված է եղել մեկ այլ «ԿամԱԶ»-ի համար: Վարորդը հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել Օխտար բնակավայրի տարածքից, ինչի համար անտառապետը համապատասխան փաստաթուղթ չի տրամադրել:
««ԿամԱԶ»-ի վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կապանի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող 0․95 գրամ զանգված:
«ԿամԱԶ»-ը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդը՝ նախաքննական մարմին»,- ասված է հաղորդագրությունում:



