Անդրադարձել է կատարվել նաև «Էրազմուս+» ծրագրի...

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Մայա Վավժիկի գլխավորած պատվիրակությանը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի պատվիրակությունը Հայաստան է ժամանել «Հայաստան-ԵՄ ռազմավարական գործընկերության խթանումը Վիշեգրադյան քառյակի փորձի հիման վրա» խորագրով եզրափակիչ համաժողովին մասնակցելու նպատակով։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին և կարևորել Վիշեգրադյան խմբի երկրների՝ Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի հետ համագործակցության խորացումը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում: Նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստան-ԵՄ համագործակցության   համատեքստում  կարևոր ուղղություն է նաև Վիշեգրադյան քառյակի հետ համագործակցության ընդլայնումը։

Արթուր Մարտիրոսյանն շեշտել է՝ Եվրոպական միությունը ԿԳՄՍ նախարարության նշանակալի գործընկերներից է, իսկ Եվրոպական միության հետ համագործակցությունն ամրագրված է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, որի մի շարք կետեր վերաբերում են ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներին:

Անդրադառնալով Վիշեգրադյան խմբի շրջանակում համագործակցության զարգացմանը՝ նախարարի տեղակալը կարևորել է՝ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում տարբեր ծրագրերի իրականացման խթանման առումով ազդակներ ստացվել են նաև քաղհասարակության կողմից։

Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է նաև «Էրազմուս+» ծրագրին, որը Հայաստան-ԵՄ համագործակցության արդյունավետ գործիքներից է բարձրագույն կրթության ոլորտում։ «Հորիզոն Եվրոպա» ծրագիրը նախատեսված է գիտության, «Ստեղծագործ Եվրոպան»՝ մշակույթի ոլորտներում համագործակցության խթանման համար: Նախարարի տեղակալի ընդգծմամբ՝ նշված բոլոր ուղղություններով համագործակցության թիրախները համահունչ են ՀՀ կառավարության 2021-2026 թվականների և ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրերին։

Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Մայա Վավժիկը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել Հայաստանի՝ Եվրամիության հետ համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը: Նրա խոսքով՝  հիմնադրամի նպատակն է խթանել և զարգացնել մշակութային համագործակցությունը գիտության, հետազոտության, կրթության և երիտասարդության փոխանակման ոլորտներում ինչպես նշված չորս երկրների, այնպես էլ գործընկեր այլ պետությունների միջև:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև կրթաթոշակային տարբեր ծրագրին, որոնք նախատեսված են Վիշեգրադյան չորս երկրների և գործընկեր պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների և համապատասխան քաղաքացիություն ունեցող հետազոտողների, ուսումնասիրողների և սովորողների համար։ Հայաստանի Հանրապետությունը ևս, ի թիվս Վրաստանի,  Մակեդոնիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի, Սերբիայի, Ալբանիայի և մի շարք այլ երկրների, ընդգրկված է ծրագրում :

Մայա Վավժիկը տեղեկացրել է՝ Վիշեգրադի կրթաթոշակները նախատեսված են բակալավրիատում, մագիստրատուրայում սովորող ուսանողների և հետազոտողների համար՝ մինչև չորս կիսամյակ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ավելի քան 190 բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանելու նպատակով:  Այս համատեքստում կողմերը կարևորել են Հայաստանից ավելի մեծ թվով ուսանողների ներգրավվածությունը ծրագրին:

Նշվել է նաև, որ Վիշեգրադյան միջազգային հիմնադրամն աջակցում է Հայաստանի բուհերի և քառյակի անդամ երկրների բուհերի միջև համագործակցության խորացմանը: