Ամփոփվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի՝ առաջին...

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մայիսի 12-ին տեղի ունեցած խորհրդակցությամբ ամփոփվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի՝ առաջին անգամ իրականացվող մարզական վարկանիշավորման արդյունքները:

Խորհրդակցությունը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, Սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, ներկայացուցիչներ ՀՀ մարզպետների աշխատակազմերից և Երևանի քաղաքապետարանից:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ 2024 թվականի արդյունքներով առաջին տեղը զբաղեցրել է Կոտայքի մարզը, երկրորդ տեղը՝ Սյունիքի մարզը,  լավագույն եռյակը եզրափակել է Լոռու մարզը: 

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը նշել է՝  մարզերի և Երևանի մարզական վարկանշավորումը բխում է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունից: Համաձայն ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված ընթացակարգի՝ վարկանիշային սանդղակը ձևավորվում է 5 բաղադրիչից՝ մարզական ենթակառուցվածքներ, մասնակցություն սպորտի ոլորտում նախարարության կողմից կազմակերպվող մասսայական սպորտի միջոցառումներին և մրցաշարերին, դպրոցահասակ երեխաների ներգրավվածություն մարզադպրոցներում, կամավոր ատեստավորված ֆիզկուլտուրայի ուսուցիչների համամասնություն, մարզադպրոցների կամավոր ատեստավորված մարզիչ-մանկավարժների համամասնություն։

Սանդղակի առաջին երեք տեղերը զբաղեցնող մարզերը կամ Երևան քաղաքը ԿԳՄՍ նախարարությունից ստանում են համապատասխանաբար 8 մլն դրամ, 5 մլն դրամ և 3 մլն դրամ արժողությամբ մարզագույք: Մրցանակային տեղերը զբաղեցրած մարզպետարանները կամ Երևանի քաղաքապետարանը որոշում են անհրաժեշտ մարզագույքի ցանկը և  ստացող հաստատությունը:

Մարզպետարանների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձ է եղել սանդղակի ձևավորման բաղադրիչներին, մասնավորապես՝ կամավոր ատեստավորում անցած մարզիչ-մանկավարժների և ֆիզկուլտուրայի ուսուցիչների համամասնությանը: Ընդգծվել է նաև, որ վարկանիշավորումը չի ներառում սպորտային բարձր նվաճումների ոլորտը: 

ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը նշել է, որ բարձր նվաճումների սպորտի, ինչպես նաև մասսայական մրցաշարերի խրախուսման նպատակով Կառավարությունն իրականացնում է նաև մի շարք այլ միջոցառումներ: Մասնավորապես՝ առանձին ծրագրերով խրախուսական պարգևներ են նախատեսված տարբեր մարզաձևերի աշխարհի և Եվրոպայի առաջնությունների, Օլիմպիական խաղերի մեդալակիրների, ինչպես նաև նրանց մարզիչների համար։  «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարերի հաղթող դպրոցները, աշակերտները և ֆիզկուլտուրայի ուսուցիչները  նույնպես խրախուսումների են արժանանում։

Դասավանդողների և ուսուցիչների վարձատրության շարունակական բարձրացումը և մասնագիտական զարգացումը ՀՀ կառավարության ծրագրի կարևոր թիրախներից են, և հենց այս նպատակով էլ մարզական վարկանիշավորման սանդղակում ուսուցիչների և մարզիչ-մանկավարժների ատեստավորման ցուցանիշները ներառվել են որպես հիմնական բաղադրիչ։

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ենթակառուցվածքների զարգացման և մարզագույքով ապահովման խնդրին: Մարզպետարանների ներկայացուցիչները կարևորել են, որ վարկանիշավորման արդյունքում լավագույնը ճանաչված մարզերը որպես պարգևատրում մարզագույք են ստանալու: 

Ըստ ընթացակաիգի՝ սանդղակի մարզական ենթակառուցվածքների բաղադրիչն ամփոփվում է առանձին, որի հիման վրա առանձնացվում է մարզերի և Երևան քաղաքի մարզական ենթակառուցվածքներով հագեցվածությունը: Մյուս 4 բաղադրիչների ամփոփման միջինացված արդյունքով ձևավորվում է մարզերի և Երևան քաղաքի մարզական վարկանիշային սանդղակը։