ԱՄՆ-ը Մեքսիկայից պահանջում է արտահանձնել «Սին...

Ամերիկյան իշխանությունները մտադիր են Մեքսիկայից անհապաղ արտահանձնել «Սինալոա» թմրակարտելի առաջնորդներից մեկին՝ Նեստոր Իսիդրո Պերես Սալասին։ Այս մասին ասված է Արդարադատության նախարար՝ ԱՄՆ գլխավոր դատախազ Մերիկ Գարլանդի գրավոր հայտարարության մեջ։

Ինչպես նշել է նա, Պերես Սալասը նոյեմբերի 22-ին ձերբակալվել է Մեքսիկայի իշխանությունների կողմից։ Գարլանդի խոսքով՝ ամերիկյան կողմն այժմ ակնկալում է նրա «անհապաղ արտահանձնումը»։ ԱՄՆ արդարադատության նախարարության ղեկավարը պարզաբանել է, որ Պերես Սալասը ղեկավարել է նարկոկարտելի արշավանքները, այդ թվում՝ պատասխանատու լինելով մարդկանց սպանության, առևանգման և խոշտանգումների համար։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը գրավոր հայտարարության մեջ ընդգծել է, որ Պերես Սալասը ԱՄՆ-ում և Մեքսիկայում ամենափնտրվող հանցագործներից է, ինչպես նաև նպաստել է սինթետիկ ափիոնային ֆենտանիլի ապօրինի շրջանառությանը: ԱՄՆ-ում դրա օգտագործումը համաճարակային մասշտաբների է դարձել։

Պետքարտուղարությունն ավելի վաղ առաջարկել էր 3 միլիոն դոլար վճարել այն տեղեկատվության համար, որը կարող է հանգեցնել Պերես Սալասի կալանավորմանը։