Նավթային ընկերությունների ղեկավարները դիմել են Սպիտակ տուն՝ քննադատելով այն հնարավոր հեռանկարը, որ Իրանը կարող է սկսել վճար գանձել նավերից Հորմուզի նեղուցով անցնելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Politico պարբերականին:
«Նավթային ընկերությունների ղեկավարները դիմում են Սպիտակ տանը, պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ առարկելու Իրանին թույլատրելուն վճար գանձել ռազմավարական կարևորություն ունեցող Հորմուզի նեղուցով անցնելու համար՝ որպես խաղաղ բանակցությունների պայման»,- գրում է պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նավթային արդյունաբերության ներկայացուցիչները չորեքշաբթի առավոտյան Պետքարտուղարությունում հանդիպել են վարչակազմի ավագ աշխատակիցների հետ՝ իրենց մտահոգությունն արտահայտելու համար:
Financial Times թերթը գրել էր, որ Իրանը պատրաստ է բացել նավթային լցանավերի անցումը Հորմուզի նեղուցով՝ տախտակամածին եղած յուրաքանչյուր բարել նավթի դիմաց 1 դոլար տուրք վճարելուց հետո։



