ԱՄՆ-ում հայտնի հայ բիզնեսմենը, ում կնոջն առևա...

Սեպտեմբերի 4-ին Աշտարակի խճուղում գործող «SAN MARCO» լողավազանի մոտից առևանգված կնոջ ամուսինը երախտիքի խոսքեր է հղել իր կնոջը փրկած ՀՀ իրավապահ մարմիններին և կիսվել իր ապրումներով.

«Էմոցիաները խեղդում են ինձ: Երբեք չէի պատկերացնի, որ կհայտնվեմ մի իրավիճակում, երբ լիակատար հուսահատությունը կարճ ժամանակ անց կփոխակերպվի կատարյալ երջանկության: 

Սեպտեմբերի սկզբին կնոջս առևանգմամբ մեր ընտանիքի համար սկսվեցին մղձավանջային օրեր՝ լի հուսահատությամբ և անորոշություններով: Անքուն գիշերները, տանջալից պահերը և մեկը մյուսից վատ մտքերը ինձ և հարազատներիս հասցնում էին հուսահատության եզրին:Չնայած սկզբնական շրջանում հուսահատությունս խորն էր, բայց Հայաստանի իրավապահ մարմինների հետ ակտիվորեն համագործակցելուց հետո անթափանց խավարում լույսի նշույլ հայտնվեց: Այդ վիճակը շարունակվեց մի քանի օր և հանկարծ, լիովին անսպասելի, ի պատիվ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների, ովքեր ցուցաբերեցին գերպրոֆեսիոնալ աշխատանք և բացառիկ սրտացավություն, հաջողվեց դուրս գալ հանցագործների հետքի վրա: ՀՀ Ներքին գործերի նախարարությունը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժինը, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքը, ՀՀ Քննչական կոմիտեն, ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունն ու ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, օրուգիշեր աշխատելով և իրենց կյանքը վտանգելով, կարողացան շատ սեղմ ժամկետում կատարել անհավատալին՝ կնոջս ողջ-առողջ վերադարձնել իր ընտանիք: Խոսքերն ի զորու չեն նկարագրել մեր երջանկությունը, մենք ուղղակի չէինք հավատում, որ տեղի ունեցողն իրականություն է: 

Այս ամենի, ինչպես նաև քրտնաջան աշխատանքի և սրտացավության համար իմ պարտքն եմ համարում խորին երախտագիտությունս հայտնել Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության, մասնավորապես, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վաչության, ինչպես նաև ՀՀ Քննչական կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության և իրավապահ մյուս մարմինների աշխատակիցներին՝ բարձր պրոֆեսիոնալիզմի և կնոջս առևանգած հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ ներդրված հսկայական ջանքերի համար:

Ձեր վաստակն անուրանալի է:Երախտապարտ եմ Ձեզ, եղբայրներ: Մաղթում եմ անփորձանք ծառայություն:

Աստված Ձեզ պահապան»: