ԱՄՆ-ն Թուրքիայից պահանջում է պահպանել Ռուսաստ...

Ահաբեկչության դեմ պայքարի եւ ֆինանսական հետախուզության փոխնախարար Բրայան Նելսոնը կայցելի Անկարա, որպեսզի քննարկի Թուրքիայի կողմից Ռուսաստանի եւ ՀԱՄԱՍ-ի դեմ պատժամիջոցների պահպանման հարցը, տեղեկացրել է Bloomberg-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Նելսոնը կհանդիպի իր թուրք գործընկերոջ հետ եւ կխնդրի Անկարային հետեւել ԱՄՆ պատժամիջոցներին։ Bloomberg-ի աղբյուրները տեղեկացրել են, որ ԱՄՆ-ն նաեւ նախազգուշացրել է թուրքական մի շարք ընկերությունների հնարավոր պատժամիջոցների մասին, որոնք կարող են խախտել իրենց կապերն արեւմտյան ֆինանսական համակարգի հետ։

Նելսոնի այցը ընդգծում է նոր խնդիրները, որոնք կանգնած են Թուրքիայի եւ ԱՄՆ առանց այդ էլ լարված հարաբերությունների առջեւ։ Թուրքական կառավարությունը ՀԱՄԱՍ-ը չի համարում ահաբեկչական կազմակերպություն, իսկ նախագահ Էրդողանը վերջերս խումբն անվանել է կազմակերպություն, որը պայքարում է պաղեստինցի ժողովրդի ազատագրման համար։

Թուրքիան, սակայն, ցանկանում է նաեւ վերականգնել կապերը ԱՄՆ-ի հետ եւ ունենալ նախագահ Ջո Բայդենի աջակցությունը F-16-ների գնման եւ իր ռազմածովային նավատորմի արդիականացման հարցում։

ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունը հայտարարել է, որ ընդլայնում է պատժամիջոցների փաթեթը 130 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դեմ, որոնք օգնում են Ռուսաստանին՝ մատակարարելով տեխնոլոգիաներ ռազմական արտադրության համար։

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է մտցրել մոտ տասներկու թուրքական ընկերությունների եւ մի քանի մասնավոր անձանց դեմ ՀԱՄԱՍ-ի անունից ներդրումային պորտֆելի կառավարման կամ Ռուսաստանին, պատժամիջոցները շրջանցելով, օգնելու պատճառով։