Երկխոսությունը Հարավային Կովկասում խաղաղության, դեմոկրատական և բարգավաճ ապագայի հասնելու լավագույն միջոցն է և ԱՄՆ-ն կշարունակի աջակցել դրան բոլոր հնարավոր եղանակներով։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն մտադիր է ակտիվացնել իր դերը Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցում։
«Մենք մշտապես հայտարարել ենք, որ այդ հարցում պատրաստ ենք փոխգործակցել մեր գործընկերների հետ, այդ թվում՝ ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահի մեր դերով, որպեսզի օգնենք երկրներին հասնել երկարաժամկետ և համապարփակ խաղաղության», - ասել է Փրայսը։
Պատասխանելով ԵՄ-ի և Ադրբեջանի միջև գազային գործարքի մասին հարցին, և թե որքանով է հուսալի Բաքուն՝ հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը մարդու իրավունքների հետ կապված և նրա «կասկածելի հարաբերությունները» Ռուսաստանի հետ, պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսն ասել է. «Եթե մենք այդ առիթով ինչ-որ բան ունենանք, ձեզ կտեղեկացնենք»։