ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է օրինագիծ Չինաստանին «...

 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է օրինագիծ, որը երկրի իշխանություններին հանձնարարում է հասնել այն բանին, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը միջազգային կազմակերպություններում զրկվի «զարգացող երկրի» կարգավիճակից: Այս մասին հաղորդում է  The Hill պարբերականին:

 Օրինագծին կողմ է քվեարկել 415 կոնգրեսական: Այն ԱՄՆ պետքարտուղարին հանձնարարում է միջոցներ ձեռնարկել, որպեսզի Չինաստանի կարգավիճակը «զարգացող երկրից» փոխվի «միջինից բարձր եկամուտ ունեցող, բարձր եկամուտ ունեցող կամ զարգացած երկրի» այն միջազգային կազմակերպություններում, որոնց անդամ են հանդիսանում թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Չինաստանը:

Բացի այդ, օրինագիծը պետքարտուղարին հանձնարարում է աշխատել այն ուղղությամբ, որ «Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը տվյալ կազմակերպության ներսում չստանա արտոնյալ վերաբերմունք կամ օգնություն՝ զարգացող երկրի կարգավիճակ ունենալու պատճառով»:

The Hill-ը, վկայակոչելով նախաձեռնության հեղինակներից մեկի՝ կոնգրեսական Յանգ Քիմի խոսքերը, նշում է, որ Չինաստանն աշխարհի երկրորդ խոշոր տնտեսություն ունեցող երկիրն է, որին բաժին է ընկնում համաշխարհային տնտեսության 18,6 %-ը:

Չնայած տնտեսությամբ Չինաստանը զիջում է միայն ԱՄՆ-ին, սակայն մի շարք միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ ՄԱԿ-ում, այն համարվում է զարգացող երկիր: Ըստ ԱՄՆ օրենսդիրների՝ այս կարգավիճակը կարող է երկրներին թույլ տալ հատուկ արտոնություններ ստանալ որոշ պայմանագրերում կամ կազմակերպություններում: