ԱՄՆ-ի USS Kentucky միջուկային ռազմավարական սուզանավը հուլիսի 21-ին հեռացել է Կորեայի Հանրապետության Բուսան քաղաքի նավահանգստից՝ «Հյուսիսային Կորեայի ռազմական աճող սպառնալիքի դեմ ուժի լուրջ ցուցադրումից հետո»։ Այդ մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։
Սուզանավը նավահանգիստ էր մտել հուլիսի 18-ին՝ Սեուլում Կորեայի Հանրապետության և ԱՄՆ-ի միջուկային պլանավորման խորհրդակցական խմբի առաջին նիստի ժամանակ։
Հուլիսի 20-ին Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարար Կան Սուն Նամը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ռազմավարական սուզանավի մուտքը Բուսանի նավահանգիստ կարող է լինել Փհենյանի կողմից միջուկային զենքի կիրառման պայման։ Ի պատասխան՝ Կորեայի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Փհենյանի կողմից Սեուլի և Վաշինգտոնի դաշինքի դեմ միջուկային զենքի կիրառումը կհանգեցնի «ԿԺԴՀ-ի վարչակարգի գոյության վախճանին»։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա հարավկորեացի պաշտոնակից Յուն Սոկ Յոլն ապրիլին ընդունել են Վաշինգտոնի հռչակագիրը, որտեղ թվարկված են մի քանի քայլեր՝ ուղղված զսպման ներուժի ցուցադրմանը: Ի թիվս այլ գործողությունների՝ նախատեսվում են նաև բալիստիկ հրթիռներով ամերիկյան ատոմային սուզանավերի, ավիակիրների կանոնավոր մուտքեր Կորեայի Հանրապետություն, ինչպես նաև ամերիկյան ռմբակոծիչների թռիչքներ: