ԱՄՆ-ի հետ խոր կապերի դարաշրջանն ավարտված է. Կ...

Կանադայի վարչապետ Մարկ Քառնին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ խոր կապերի դարաշրջանն ավարտվել է: Նա կանադացիներին նախազգուշացրել է , որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնընդմիշտ փոխել է հարաբերությունները և անկախ առևտրային ոլորտում ապագա զարգացումներից, հետդարձ չի լինելու:

«Միացյալ Նահանգների հետ ունեցած հին հարաբերությունները, որոնք հիմնված էին մեր տնտեսությունների ինտեգրման խորացման և անվտանգության ամուր և ռազմական համագործակցության վրա, ավարտվել են», - The Guardian-ի փոխանցմամբ ասել է նա:

Վարչապետը Թրամփի մեքենաների ներկրման համար սահմանած մաքսատուրքերը որակել է «չհիմնավորված» և ասել, որ դրանք խախտում են երկրների միջև առկա առևտրային գործարքները: Նա ընդգծել է, որ Կանադան պատասխանելու է մաքսատուրքերին:

Չորեքշաբթի Թրամփը հայտարարել է, որ ապրիլի 3-ից 25% մաքսատուրք կսահմանի ԱՄՆ ներկրվող մեքենաների և ավտոպահեստամասերի համար, ինչը, ըստ փորձագետների կանխատեսումների, կարող է նվազեցնել արտադրությունը, բարձրացնել գները և խթանել համաշխարհային առևտրային պատերազմ: Անցյալ տարի ԱՄՆ-ն ներմուծել է գրեթե 475 միլիարդ դոլարի մեքենաներ, հիմնականում Մեքսիկայից, Ճապոնիայից, Հարավային Կորեայից, Կանադայից և Գերմանիայից: Միայն եվրոպական ավտոարտադրողները ամերիկացի վարորդներին վաճառել են ավելի քան 750,000 ավտոմեքենա: