ԱՄՆ-ի և Իսրայելի հատուկ ծառայությունները փորձում են պարզել Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի գտնվելու վայրը։ Բրիտանական The Times պարբերականի տվյալներով՝ նա ամբողջովին անհետացել է հանրային տիրույթից այն բանից հետո, երբ իշխանության եկավ փետրվարի 28-ին իսրայելական հարվածի հետևանքով իր հոր՝ Ալի Խամենեիի զոհվելուց հետո։
Ըստ լրատվամիջոցների՝ նոր գերագույն առաջնորդը խուսափում է ցանկացած էլեկտրոնային սարքից. նշվում է, որ արդեն ավելի քան 150 օր նա չի օգտվել հեռախոսից և չի բացել նոութբուքը։
Ենթադրվում է, որ նա պաշտպանված բունկերում է, իսկ նրա հաղորդագրությունները կարող են փոխանցվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչների միջոցով։ Որոշ տվյալներով՝ փետրվարի 28-ի ավիահարվածի հետևանքով նա դեմքի վնասվածք է ստացել, գրում է Bild-ը։
Իսրայելական «Մոսադը», ծառայության ստորաբաժանումներից մեկի նախկին ղեկավար Ռամի Իգրայի պատմելով, փորձում է օգտագործել Իրանի ներսում տեղակայված գործակալական ցանցը։ Ըստ նրա՝ նույնիսկ առանց հեռախոսի Խամենեին պետք է ունենա կապի այլ ուղիներ, օրինակ՝ սուրհանդակների միջոցով, որոնք գրություններ են փոխանցում։ Հետախուզությունը փորձում է պարզել նման միջնորդների ինքնությունը, ինչպես նաև հետևում է առաջնորդի հնարավոր գտնվելու վայրի մասին խոսակցություններին։



