
Իր մանկության երազանքը կփշրվի բյուրեղի ապակու նման, և ես վստահ եմ՝ հենց ինքը և իր վայ քաղաքական թիմն են հայտնվելու ոչ միայն քաղաքական աղբանոցում, նաև համապատասխան քրեակատարողական հիմնարկներում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե 2026 թվականին գործող ընդդիմադիրներին ժոովուրդը ուղարկելու է քաղաքական աղբանոց:
Հարցին՝ չի կարծում, որ իշխանության մատնանշած խաղաղության հետևից հանրությունը կգնա ու նորից ՔՊ-ին կընտրի, Մինասյանն ասաց. «Բայց խաղաղություն չկա այդտեղ, այդտեղ կա կեղծ թեզ: Տեսեք՝ Արցախում ինչ խաղաղություն է, խաղաղությո՞ւն է, չէ, ո՛չ կրակոց կա, ո՛չ մարդասպանություն կա, խաղաղություն է, բայց հայություն չկա»։
Պատգամավորի խոսքով՝ ամենամեծ խաղաղություն ուզողն այսօրվա ազգային ընդդիմադիր հատվածն է:
«Ազգային ընդդիմությունն ավելի շուտ և շատ է ուզում խաղաղությունը, բայց այդ խաղաղությունը պիտի հիմնված լինի քո ազգի հարգանքի վրա, քո ազգի ապրելու իրավունքի սկզբունքի միջազգային ամբողջական համակարգի գործադրման սկզբունքի վրա, այլ ոչ թե ուղղակի օրվա իշխանության ցանկությունների և հայտարարությունների»,- ասաց նա։
Մինասյանը պնդեց, որ այսօր ժողովրդի ճնշող մեծամասնությունն իր ամբողջ էությամբ մերժում է սրանց: